Ռուբեն Հակոբյանը դիմում ներկայացրե՞լ է ՀՅԴ-ին անդամակցելու համար. մեկնաբանում է Արմեն Ռուստամյանը
InterviewԺամանակ առ ժամանակ քաղաքական տարբեր ճամբարներում հայտնվող նախկին ժառանգական Ռուբեն Հակոբյանը դեռ երկու օր առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ հերքեց այն տեղեկությունները, թե ինքը ցանկանում է դուրս գալ «Ժառանգություն» կուսակցությունից` անդամագրվելով ՀՅԴ-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ նա երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց այն մասին, որ դադարեցնում է իր անդամակցումը «Ժառանգություն» կուսակցությանը: Քաղաքական տվյալ կուսակցությունից դուրս գալու հիմնավորումը պատգամավորը բացատրել էր «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից վարվող ոչ կոնստրուկտիվ քայլերի հետ: Արդյո՞ք Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է դիմում ՀՅԴ վերադառնալու համար, ՀՅԴ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց. «Նման դիմում եւ նման քննարկում ՀՅԴ-ում չի եղել: Մինչեւ դիմում չլինի, մենք որեւէ բան չենք կարող ասել»:
Խոսելով նախկին կուսակցության շարքերը համալրելու կարգի մասին՝ Ա. Ռուստամյանը նշեց, որ կուսակցության շարքերը վերադառնալու կարգ գոյություն ունի եւ Ռուբիկ Հակոբյանը շատ լավ տեղյակ է այդ կարգից, որովհետեւ երկար տարիներ եղել է ղեկավար մարմնում: «Եթե նա այդպիսի ցանկություն ունենա, կդիմի եւ Գերագույն մարմինը կքննարկի եւ կկայացնի որոշում, առանց ԳՄ-ի որոշման վերականգնել նախկին դաշնակցականի անդամակցությունն անհնար է»,- ասաց նա:
Orer.am-ի այն հարցին, թե արդյոք կա վստահություն քաղաքական տարբեր ճամբարներում հաճախ հայտնվող Ռուբեն Հակոբյանի նկատմամբ, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ Ռուբիկ Հակոբյանը, դուրս գալով ՀՅԴ-ից, ըստ էության կուսակցության դեմ որեւէ քայլ չի կատարել: «Նա երկար տարիներ եղել է Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ, մենք իր հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք, չվստահելու խնդիր չունենք»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան