Դավիթ Բաբայանը ՀՀ-ի անկախության տոնի առթիվ նախեւառաջ շնորհավորեց հայրենիքի սահմանները պահող զինվորներին
SocietyԱյսօր հպարտ ու անկախ մեր պետության 24-րդ տարեդարձն է: Ողջ հայությունը մեծ ոգեւորությամբ ու ցնծությամբ շնորհավորում է միմյանց՝ կապված պետականության վերականգնման տոնի հետ: Տեղեկացնենք, որ պետական մակարդակով այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ու մի շարք այլ պետությունների ղեկավարներ:
Orer.am-ը տոնի առնչությամբ զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով կարեւորեց սեպտեմբեր ամիսը: «Սեպտեմբերի 21-ը ողջ հայ ժողովրդի համար ամենակարեւորագույն տոներից մեկն է մեր ողջ պատմության ընթացքում: Ընդհանրապես սեպտեմբեր ամիսը կարելի է համարել հայոց պետականության վերականգնման ամիս, իսկ 1991 թվականը՝ որպես վերականգնման տարի, որովհետեւ այս ամսին մենք վերականգնեցինք մեր ազատ ու անկախ պետականությունը երկու պետական կազմավորումների տեսքով` Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության»,- նշեց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը տոնի հետ կապված նախեւառաջ շնորհավորեց սահմանը պահող հայ զինվորներին: «Սա իրոք մեծ տոն է եւ ես ի սրտե շնորհավորում եմ մեր այն զինվորներին, որոնք կանգնած հսկում են հայրենիքի սահմանները, որովհետեւ նրանք անմիջապես կանգնած են վտանգի տակ, սակայն պատվով են կատարում իրենց պատմական առաքելությունը»,- ասաց Դ. Բաբայանը:
Զրույցի ժամանակ Դավիթ Բաբայանը շնորհավորական խոսք ուղղեց նաեւ ողջ հայ ազգին, ինչպես նաեւ անկախության օրը ծնված փոքրիկներին: «Իհարկե, շնորհավորում եմ նաեւ մեր ողջ ժողովրդին եւ բոլոր այն նորածիններին, ովքեր այսօր լույս աշխարհ են եկել, այս օրը նրանց կյանքում բավական հետաքրքիր ու յուրօրինակ օր է լինելու: Այս տոնը մենք միշտ պետք է հիշենք, փայփայենք եւ զորացնենք մեր հայրենիքը»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան