Շուշան Պետրոսյանը` Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին
InterviewԵրեկվանից հասարակական լայն շրջանակներում և սոցիալական հարթակներում քննարկվող թոփ թեման Արմենչիկին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհելու հարցն է: Այն միանշանակ չի ընդունվել մտավորականների կողմից և դեռևս չի տրվել այն հարցի պատասխանը, թե Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մշակույթի մի շարք գործիչների կոչումներ շնորհելու պատվավոր ցուցակի հեղինակն արդյոք ՀՀ մշակույթի նախախարությունն է:
Orer.am-ը 2006 թվականից այդ կոչմանն արժանացած և ներկայում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ վերաբերմունք ունի ամերիկաբնակ երգչին նման բարձր ու պատվավոր կոչման արժանացնելու, դրանով իսկ իր և Արմենչիկի միջև հավասարաության նշան դնելու փաստի վերաբերյալ:
- Տիկին Պետրոսյան, դուք ինչպե՞ս եք վերաբերվում Արմենչիկին նման բարձր կոչում շնորհելու փաստին:
- Ոչ մի ձևով չեմ վերաբերում:
- Այսինքն՝ ձեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ:
- Ինձ համար ընդունելի է, երբ կոչում ստանում են մարդիկ, ովքեր ծառայություն են մատուցել մեր երկրին: Արմենչիկի դեպքում չգիտեմ՝ ծառայությունը որն է:
- Հավելելու բան ունե՞ք:
- Բոլորովին: Ամենամեծ գնահատանքը մարդու ծառայության դիմաց շնորհված գնահատանքն է: Մի բան էլ կարող եմ ասել: Միանշանակ համաձայն եմ, որ Հարութ Փամբուկչյանը պետք է ստանար, որովհետև նա 1973 թվից իսկապես ծառայել է երկրին իր երգով և չի փոխել ու չի դավաճանել իրեն՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանում տեղափոխվելով Միացյալ Նահանգներ: Նա մնացել է նույն հայը, հայերեն երգող երգիչը, իսկ Արմենչիկի դեպքում նրա ծառայությունն ինձ համար պարզապես անընդունելի է:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք կոչումներ է շնորհել արվեստի բնագավառի ներկայացուցիչների, այդ թվում՝ Էռնա Յուզբաշյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Համլետ Գևորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, Հրանտ Թոխատյանն արժանացել է ժողովրդական արտիստի կոչման, իսկ Հարութ Փամբուկչյանը՝ վաստակավոր արտիստի կոչման:
Արմինե Գրիգորյան