ՀՀԿ-ն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Վահրամ Բաղդասարյան
InterviewԻնչպես երեկ, այսօր եւս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ հավաքվել են զգալի թվով ազատամարտիկներ, ովքեր բողոքի խաղաղ ակցիա են իրականացնում իրենց մարտական ընկերոջը` Սմբատ Հակոբյանին, ծեծի ենթարկելու պատճառով: Նշենք, որ հավաքվածների զգալի մասը կարծում է, որ տեղի ունեցածը իշխանության ձեռագիրն է: Նրանք գտնում են, որ սա մեսիջ է, որով իշխանությունը հասկացնում է, որ ազատամարտիկները սահմանադրական փոփոխությունների հարցում չըմբոստանան:
Արդյո՞ք ՀՀԿ-ն ընդունում է իրեն առաջադրած մեղադրանքը, այս եւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Բնականաբար, ՀՀԿ-ն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, մենք կսպասենք իրավապահների արձագանքին: Երբ իրավապահները ճշտումները կկատարեն ու կխոսեն, նոր կմեկնաբանեմ: Հիմա քննություն է ընթանում, կավարտվի, նոր կանդրադառնանք այդ հարցին:
-Ի՞նչ է, ՀՀԿ-ի ձեռագրին չի՞ համապատասխանում նման գործելաոճը:
-ՀՀԿ-ն նման գործելաոճով չի առաջնորդվում: Հարկավոր է մի քիչ զգոն ու զգույշ լինել նման գնահատականներ տալիս: Իրենց նպատակն ի սկզբանե դա է եղել, դրա համար էլ հավաքվել էին ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտ: Հարկավոր է սպասել ու տեսնել, թե ինչ ճշտումներ ու պարզաբանումներ կտան իրավապահները:
-Կարո՞ղ եք ենթադրել, թե սահմանադրական փոփոխություններին ընդառաջ ո՞վ է հակահարված հասցնում ՀՀԿ-ին:
- Մենք ենթադրություններով չենք շարժվում, կսպասենք իրավապահների կարծիքին ու գնահատականին:
- Ազատամարտիկներից շատերը կասկածի տակ են դնում գործի բացահայտումը:
- Դա այդքան էլ դժվար գործ չէ, այն կբացահայտվի: Գործը կոծկելու մասին խոսք լինել չի կարող:
Սոսե Չանդոյան