«Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմի աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի
CultureԱմերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը չէր հավատում, որ իր` Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը կկարդան ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: Այս մասին «Գրական տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի պատվավոր հյուրը խոստովանեց հայ ընթերցողների հետ հանդիպման ընթացքում:
«2010 թվականին, երբ սկսեցի գրել այս վեպը, երկու որոշում կայացրի: Ես ուզում էի այնպես ներկայացնել պատմությունը, որ այն հասկանալի լինի բացարձակապես տգետների համար: Մտածում էի` կասեմ` ընթերցող, մի’ ամաչիր, որ այս պատմությունը չգիտես, որովհետև պատճառ կա: Այդ պատճառը Թուրքիայի և նրա գործընկերների ուրացումն է: Ես որոշեցի, որ ամերիկացիները պետք է Ցեղասպանության պատմությունն իմանան սիրո պատմության միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Քրիս Բոհջալյանը:
Հեղինակը փաստում է` երբեք չէր սպասում, որ վեպը կընթերցվի նաև ԱՄՆ-ից դուրս: «Ստեղծագործության մեջ պատմությունը ներկայացնողի ծնողները 1915-ին սիրահարվել են Հալեպում, և քանի որ գրում էի ամերիկացիների համար, իմ հերոսուհու տատն ամերիկացի դարձավ: Էլիզաբեթը` հերոսուհին, գալիս է Հալեպ և հանդիպում իր հայազգի ամուսնուն: Ես ատում եմ հայերի` առանց կռվի զոհվելու մասին պատմությունները: Եվ դա է պատճառը, որ հերոսս կռվող հայ է»,-խոստովանեց Քրիս Բոհջալյանը:
«Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակի խոսքով` ինքը երբեք չէր մտածել , որ իր գիրքը ֆիլմ կդառնա:
«Իմ լավ ընկեր Էրիկ Նազարյանը Բոստոնում և Իսպանիայում եկող տարվանից սկսում է ֆիլմի նկարահանումը: Նրա սցենարը հրաշալի է և ստիպում, որ շունչդ պահես»,-նշեց նա:
Քրիս Բոհջալյանը գրքի ստեղծման մասին պատմելուն զուգահեռ խոսեց նաև դրա նախապատմության մասին` հավելելով, որ այս ամենը սկսվել է ընտանեկան լուսանկարից: Նա ընդգծեց, որ իր գերդաստանն էլ տուժել է Հայոց ցեղասպանության արհավիրքներից: «90-ականների սկզբին, երբ երիտասարդ էի, փոքրիկ պատմություն գրեցի Հայոց ցեղասպանության մասին: Սարսափելի վատն էր, այն երբեք չտպագրեցի: «Ավազե ամրոցի աղջիկները» իմ` երբևէ գրած ամենակարևոր գիրքն է» ,-հավելեց նա:
Հայ ընթերցողների հետ հանդիպման ժամանակ Քրիս Բոհջալյանը ներկայացրեց նաև իր գրքի տարբեր հրատարակությունները:
Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք),ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան): Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 20 երկրում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: Քրիս Բոհջալյանի առաջին` «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ.։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և Hallmark Channel հե ռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել։ Քրիս Բոհջալյանը Վերմոնտի արվեստի և գիտությունների համալսարանի դասախոս է, աշխատել է մի շարք թերթերում եւ ամսագրերում, արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների:
«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012թ.) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստական պատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Սա պատմություն է մահվան ու սիրո, ջարդի ճանապարհին` անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին: