Եղվարդի ջրամբարի «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագիրն ընթացքի մեջ է
SocietyՃապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինասավորմամբ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացվում է Եղվարդի ջրամբարի «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսական Ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, ծրագրի նպատակն է տնտեսագիտական և տեխնիկական գնահատականներ տալ և հիմնավորել Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:
Եղվարդի ջրամբարի կառուցման հարցերով սեպտեմբերի 25-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է ՃՄՀԳ/ JICA-ի Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ, հայաստանյան ծրագրերի պատասխանատու Դայսուկե Ֆուկումորոյին և JICA-ի հայասանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռուզաննա Խոջիկյանին:
Քննարկման թեման ջրամբարի կառուցման նպատակով ճապոնական «Սանյու» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագրի բնապահպանական փորձաքննության (ՇՄՍԱԳ) կազմակերպումն է՝ որպես հայկական կողմի պետական շահագրգռվածություն: Երկրորդ հարցը կապված էր ջրամբարի կառուցման վերաբերյալ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու համաձայնությունների ամրագրմանը արձանագրության ձևով, որի վրա պետք է կառուցվի վարկային պայմանագիրը:
Կողմերը ևս մեկ անգամ նշել են, որ ապագա ջրամբարի կառուցումը կարևորվում է մի քանի առումներով` վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-ով, թուլացնել կախվածությունը Սևանից, լճից վերցվող ջրի տնտեսում` տարեկան 50 մլն խ. մ-ով, պոմպային/ մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման, ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացում 50%-ով:
Նկատի ունենալով ջրամբարի շինարարության ծավալները, ինչպես նաև հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, միաժամանակ մնալով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում, կողմերը կարևորել են շահագրգիռ բոլոր խմբերի հետ ջրամբարի կառուցման աշխատանքների ծավալների, կառուցման ժամկետների, ջրային հաշվեկշիռի հաշվարկի, ջրամբարի կառուցման եղանակների վերաբերյալ հանրային տեղեկացումն ու քննարկումները:
Կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ կոմիտեն` ինքը, որպես առավել շահագրգիռ կողմ, կստանձնի հանրային լսումների կազմակերպման պատասխանատվությունը՝ իրականացնելով այն տեղում՝ Եղվարդի «Օրհուս» կենտրոնի միջոցով:
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնել ու համաձայնեցրել են ստորագրվելիք արձանագրության կետերը, որոնցով պայմանավորված է նաև ապագա վարկային համաձայնագրի ստորագրումն ու շինարարության իրականացումը:
Քննարկվել են նաև ընթացակարգային հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել ըստ ապագա գործողությունների «ճանապարհային քարտեզի» հնարավորինս արագացնել ծրագրի ներդրումային փուլը: