ԱԺ փոխնախագահի այցը Տավուշի մարզ ոգևորել է տեղի բնակիչներին
SocietyԵրեկ՝ սեպտեմբերի 30-ին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, տեղում ծանոթացել է իրավիճակին և մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի բնակիչների հետ: ԱԺ փոխնախագահին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Տավուշի մարզի բնակիչները Orer.am-ի հետ զրույցում ասացին, որ հանդիպումը բնակիչների հետ անցել է անկեղծ և բաց մթնոլորտում: Է. Շարմազանովը նշել է, որ ստեղծված խնդիրներին լուծում տալու հարցում ինքն առավելապես ռեալ լուծումներ գտնելու կողմնակից է և հարցերը պաշտոնական շրջանակներում քննարկելուն զուգահեռ, ամեն ինչ կանի, որպեսզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն իրենց ամենօրյա կյանքում զգան ու տեսնեն նաև այն անհատների ներկայությունն իրենց կողքին, ովքեր մշտապես պատրաստ են սատարել սահմանամերձ բնակիչներին և թեթևացնել նրանց հոգսերը:
ԱԺ փոխնախագահն այցելել է նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղ, որտեղ օրեր առաջ հակառակորդի կրակից երկու խաղաղ բնակիչ էր զոհվել՝ 41-ամյա Սոնա Ռևազյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը և 2 բնակիչ էլ ստացել էին մարմնական վնասվածքներ:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահի այցը բավականին դրական արձագանք է առաջացրել տեղի գյուղացիների շրջանում: Նա նշեց նաև, որ բարձրաստիճան հյուրերի հետ հանդիպումից բերդավանցիներն այնքան էին ոգևորվել, որ նրանց ճանապարհելուց հետո դեռ երկար ժամանակ քննարկում էին հանդիպման մանրամասները և գյուղի առաջնահերթ խնդիրները: «Շատ անմիջական հանդիպում էր: Շատ խնդիրներ կան, որոնք շատ անգամ այնքան էլ ճիշտ չեն ներկայացվում և մեկնաբանվում: ԱԺ փոխնախագահը տեղում ծանոթացավ խնդիրներին և խոստացավ, որ ամեն ինչ կանի սահմանամերձ գյուղի բնակիչների համար ավելի բարեկեցիկ պայմաններ ապահովելու համար»,- ասաց Ա.Գաբրիելյանը:
Գյուղապետի խոսքով՝ ներկայիս գյուղացու ամենամեծ հոգսը, ինչպես Հայաստանի այլ բնակավայրերում, խաղողի մթերման հետ է կապված: Անկեղծ և բաց քննարկման ժամանակ բոլոր բերդավանցիներն էլ հնարավորություն են ունեցել խոսել իրենց խնդրիների մասին, ինչը շատ է ոգևորել տեղի բնակիչներին: «Շատ է պատահում, որ իրականությանը չհամապատասխանող տարբեր տեղեկություններ են շրջանառվում, հետո դրանց շուրջ ճիշտ կամ սխալ մեկնաբանություններ են լինում և ձևավորված կարծիքը շատ հաճախ այլ է լինում: Բայց երբ իրականությանը անձամբ են ծանոթանում և հնարավորություն ես ունենում պաշտոնատար անձի հետ շփվել, ներկայացնել խնդիրները և նրանից էլ անձամբ ստանում ես հարցերի պատասխանները, այդ ժամանակ կուսակցությունների մակարդակով արված հայտարարությունները գնում են երկրորդ պլան: Այնպես որ, կարող եմ ասել, որ շատ-շատ լավ հանդիպում էր, դրական էր: Ի դեպ ասեմ, որ մարդկանց ոգևորել է նաև մեր նախագահի ելույթը ՄԱԿ-ում»,- ասաց Բերդավանի գյուղապետը:
Ա.Գաբրիելյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև հակառակորդի գնդակոծության հետևանքով զոհվածների ընտանիքների անդամների հետ և խոստացել, որ ամեն ինչով կաջակցի այդ ընտանիքներին: Թեև մեկ օր էլ չի անցել հանդիպումից, բայց գյուղապետն ասաց, որ արդեն իսկ ստացել է արձագանքներ և քայլեր են ձեռնարկվում օգնության ձեռք մեկնած անձանց հետ հանդիպելու համար. «Շատերն են զարգահարել, ովքեր ցանկություն են հայտնել գալ և իրենց հնարավորության չափով օգնել, աջակցել, ինչը շատ ողջունելի է»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
Արմինե Գրիգորյան