Ռուսաստանի աջակցությունը Սիրիային շատ տեղին էր, ինչն էլ կտա իր արդյունքները. արաբագետ
InterviewԵրեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական ավիացիան մտավ Սիրիայի Արաբական Հանրապետություն: Անցնելով հստակ եւ կտրուկ գործողությունների՝ ռմբակոծվեց Հոմս նահանգը: Թե ինչ զարգացումներ կստանա սիրիական հակամարտությունը եւ ինչ հակահարվածներ կհասցնեն իսլամիստ ծայրահեղականները, Orer.am-ը զրույցի ընթացքում ճշտեց արաբագետ Սարգիս Գրիգորյանից:
-Պարոն Գրիգորյան, սիրիական հակամարտության շուրջ իրադարձությունները բավական արագ են զարգանում Պուտին-Օբամա հանդիպումից հետո: Ըստ ձեզ՝ ի՞նչ թելերով են դրանք իրար կապված:
-Պատահական չէ, որ Սիրիայում ակտիվ գործողություններն իրականացվեցին Օբամա-Պուտին հանդիպումից հետո: Կարծում եմ, որ Սիրիայի հարցով նրանց միջեւ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել: Գերտերություններն արդեն հասկանում են, որ որոշակի առարկայական գործողություններ պետք է իրականացնեն հենց տվյալ պետության ներսում: Բաշար ալ-Ասադը քաշվել է խոշոր քաղաքներ, իսկ այն հատվածները, որոնք բնակելի չէին կամ անապատներ էին, արդեն իսկ գտնվում էին ընդդիմադիրների վերահսկողության տակ: Ընդդիմադիրները հիմնականում Սիրիայի արեւելյան հատվածում են, իսկ կառավարությունը փորձում է պահել արեւմտյան հատվածում գտնվող խոշոր քաղաքները:
-Ինչո՞ւ Սիրիայի նախագահը դիմեց Ռուսաստանի օգնությանը:
-Պետք է նկատենք, որ օդային հարվածներն այելւս չէին օգնում սիրիական կառավարական ուժերին, իսկ ցամաքային գործողություններում էլ առաջընթաց չկար, հետեւաբար, Ռուսաստանի աջակցությունը շատ տեղին էր, ինչն էլ կտա իր արդյունքները: Բաշար ալ-Ասադը նման աջակցություն երբեւէ չէր ունեցել: Սիրիայի նախագահը Ռուսաստանին դիմեց այն ժամանակ, երբ արդեն վտանգի սպառնալիքի տակ էին հայտնվելու խոշոր քաղաքները, որոնք գտնվում էին Սիրիայի կառավարության վերահսկողության տակ: Աշխարհը կանգնած է լուրջ վտանգի առաջ, որոնց դիմակայելու համար որոշակի գործողություններ են հարկավոր, քանի որ սիրիական հակամարտությունն արդեն բավական ընդլայնված բնույթի ունի:
-Ըստ Ձեզ՝ որո՞նք կլինեն իսլամիստ ծայրահեղականների հետագա քայլերն ու հարվածները, արդյո՞ք նրանք կփոխեն իրենց մարտավարությունը:
-Իսլամիստ ծայրահեղականների կողմից հակահարվածը կլինի այն, որ նրանք կսկսեն վերանայել իրենց քայլերը, ըստ իս, ավելի շատ լատենտային գործողությունների կանցնեն՝ որոշակիորեն ակտիվացնելով ցամաքին գործողությունները եւ խուսափելով օդային հարվածներից: Ասեմ, որ դա նաեւ իր բացասական կողմն ունի, քանի որ այն ուժերը, որոնք փորձում են բացասական ֆոն ստեղծել Սիրիայում, գործի կդնեն հնարավոր միջոցները այսպես կոչված անհավատ ուժերի ակտիվացման դեմ պայքարելու համար:
Սոսե Չանդոյան