Իշխանությունն իմ դեմ պատվեր է իջեցրել. Հուսեյնովը չի ծափահարել իմ ելույթը
InterviewՕրերս լրատվամիջոցներում տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, որոշելով մի կողմ թողնել թիմային աշխատանքի գիծը, որն ուղղված էր սահմանային լարումներին, խոսել է սահմանադրական փոփոխությունների դեմ:
Թե ինչու էր որոշել ընդդիմադիր պատգամավորը նման թեմայով ելույթ ունենալ եւ արժանանալ ադրբեջանական ծափողջյունների, Orer.am-ը ճշտեց Լ. Զուրաբյանից:
-Պարոն Զուրաբյան, ինչո՞ւ որոշեցիք նման հայտարարությունով հանդես գալ ԵԽԽՎ-ում: Չէի՞ք կարծում, որ դա ադրբեջանցիներին կոգեւորի:
-Դա բացարձակ սուտ է, ես չեմ ցանկանում, որ լրագրողները լինեն իշխանական քարոզչության մեքենայի հերթական զոհը ու տարածեն նրանց ստերը: Այդ պատմությունն իշխանության կողմից հնարված է:
-Այսինքն՝ ԵԽԽՎ-ում ձեր ելույթից հետո ադրբեջանական պատվիրակության անդամ Հուսեյնովը չի՞ ծափահարել:
-Ո´չ, դա բացարձակ սուտ է: Իշխանությունն իմ դեմ պատվեր է իջեցրել: Հուսեյնովը չի ծափահարել իմ ելույթը:
-Իսկ ինչո՞ւ միասնական ճակատով դուրս չեկաք Ադրբեջանի դեմ եւ որոշեցիք ներկայացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցը:
-Նման բան չի եղել, այնտեղ որեւէ փաստաթուղթ Ղարաբաղի վերաբերյալ ներկայացված չէ: Նման հարցով քննարկում եղել է քաղաքական կոմիտեում, որի անդամը ես չեմ: Քաղաքական կոմիտեում իմ անդամ լինելը նրանք մերժել են: Այդ հարցի մասին եմ խոսել, որովհետեւ շատ վտանգավոր գործընթացներ են սպասվում, դրանք ընթացքի մեջ են:
-Իսկ ձեր հայտարարությունն օգուտ տվե՞ց:
-Այո´, օգնեց, ես ունեմ վստահելիություն, որը միշտ օգտագործում եմ, երբ Ղարաբաղի խնդիրներն օգտագործվում են հանուն հայոց պետականության:
Սոսե Չանդոյան