Լսողական խնդիրներ ունեցողները չգիտեն, թե երկրում ինչը պետք է փոխվի և ինչու
SocietyՀայաստանում շուրջ 3000 խուլ ու համր քաղաքացի կա, որոնցից մոտ 1000-ը երեխաներ են: Մարդկանց այս խումբը սոցիալական խմբերից միակն է, որը երկրում կատարվող ցանկացած փոփոխության մասին տեղեկություն ստանում է միջնորդավորված ձևով: Վերջին շրջանում Սահմանադրական փոփոխությունների մասին հեռուստատեսությամբ կազմակերպած ակտիվ քննարկումները, սակայն, չէին կարող նրանց համար հասկանալի լինել այն պարզ պատճառով, որ դրանց հեռարձակման ժամանակ զուգահեռաբար ժեստերի լեզվով թարգմանություն չի ապահովվել: Ստացվում է, որ այս խոցելի խումբը գաղափար չունի, թե երկրում կատարվող այս կարևորագույն փոփոխությունն իրականում ինչի մասին է:
Ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը Orer.am-ի թղթակցին ասաց, որ խուլ ու համր քաղաքացիները երկրում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկանում են այնքանով, որքանով լուրերի թարգմանության ժամանակ է մատուցվում, սակայն քանի որ ժեստերի թարգմանությամբ մատուցվող լուրերի ժամերը խիստ անհարմար են, ուստի կարելի է ասել, որ նրանց հիմնական մասը չգիտի, թե երկրում ինչ է կատարվում: «Որպես այդ համայնքին մոտ կանգնած մարդ՝ գիտեմ, որ բացարձակապես չգիտեն, թե իրականում ինչ է քննարկվում, ինչը պետք է փոխվի, ինչու»,- ասում է Զուբեյդա Մելիքյանը:
Նրա խոսքով՝ դպրոցական ծրագրով նրանք, իհարկե, ծանոթանում են Սահմանադրությանը, բայց նոր Սահմանադրության դրույթներին ընդհանրապես ծանոթ չեն: Ու թեև խուլ ու համր երիտասարդներն ավելի հետևողական են և տեղեկություններին ծանոթանում են համացանցի միջոցով, բայց, ընդհանուր առմամբ, նրանց մոտ անտարբերություն կա սահմանադրական փոփոխության հանդեպ: «Համակարգիչները թեև բավականին օգնել են, որ լսողական խնդիրներ ունեցողները ինֆորմացիա ստանան համացանցից և նրանք ինչքանով, որ հնարավորություն ունենում են, ինքնուրույն տեղեկանում են երկրում տեղի ունեցող գործընթացներից, բայց, միանշանակ, կարող եմ ասել, որ նույնիսկ նրանք, ովքեր տեղեկություններ են ստանում համացանցից, սահմանադրական փոփոխության մասին ընդհանրապես տեղեկացված չեն: Նրանց նույնիսկ հետաքրքիր էլ չէ, որովհետև այդ փոփոխության մասին մասնագիտորեն չի ներկայացվել լսողական խնդիրներ ունեցող անձանց»,- ասում է ժեստերի լեզվի թարգմանչուհին:
Ստացվում է, որ խուլ ու համրերի «համայնքի» անդամներին վերաբերող առանձնահատուկ խնդիրների մասին ոչ խոսվել է, ոչ էլ դրանք քննարկվել են: Մինչդեռ դրանք կարող էին լինել էական և ներառվեին նոր Սահմանադրությունում: «Խուլ-համրերին այդ մասին տեղեկացնելու համար Ազգային ժողովի նիստերը պետք է թարգմանվեին ժեստերի լեզվով, որպեսզի նրանք իրազեկ լինեին, թե ինչի մասին է խոսքը, սակայն ընդհանրապես ոչինչ չի թարգմանվել: Երբ գրանտային ծրագիր է լինում, ինչ-որ բան արվում է, երբ չէ, ոչինչ էլ չի արվում»,- ասում է Զ. Մելիքյանը:
Ժեստերի լեզվի թարգմանչուհու հետ զրույցում պարզ դարձավ նաև, որ սոցիալական այս խմբի անդամները խնդիրներ ունեն նաև կրթական ոլորտում: Նույնիսկ կան դեպքեր, որ խուլ ու համր դիմորդին հնարավորություն չի տրվել բուհի ընդունելության քննությանը պատշաճ մասնակցել ու անցողիկ միավորներ հավաքել, քանի որ նման ուսանող ունենալու դեպքում բուհը ստիպված պետք է լինի ժեստերի լեզվի մասնագետ հրավիրել ու այդ ուսանողի կրթության ողջ ընթացքում նրան վճարել: Զ. Մելիքյանի խոսքով՝ այդ լրացուցիչ ծախսից խուսափելու համար բուհերը հիմնականում խուսափում են նման ուսանողներ ունենալուց:
Արմինե Գրիգորյան