Որտեղի՞ց կամ ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում «Ո´չ»-ի ճակատը
InterviewՕրերս լուրեր էին պտտվում այն մասին, որ «Ո´չ»-ի ճակատում արդեն իսկ սկսվել են խժդժություններ, ու թիմերը բաժանվել են: Այս եւ «Ո´չ»-ի վերաբերյալ մի շարք այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:
-Պարոն Զուրաբյան, խոսակցություններ են պտտվում, որ «Ո´չ»-ի ճակատն ու «Չե´ք անցկացնի» նախաձեռնության անդամների միջեւ այլեւս թիմային աշխատանք չկա: Որքանո՞վ են լուրերը համապատասխանում իրականությանը:
-Նման բան չկա, բոլորս միասնական ենք: Իրականում, սեպտեմբերի 12-ին ստորագրվել է «Ո´չ»-ի ճակատի ստեղծում բոլոր այն ուժերի միջեւ, ովքեր մերժում են այս Սահմանադրությունը: «Ո´չ»-ի ճակատի մեջ ինչ-որ մի ենթախումբ նաեւ այլ քաղաքական պրոյեկտներ է ստեղծել: Սա նորմալ է, քանի որ ամեն մեկն ունի իր մոտեցումը, իր մարտավարությունը՝ մեկն ասում է՝ հարցը պետք է միտինգների տեսքով առաջ տանել, մեկը կարծում է, որ լավ քարոզարշավ պետք է իրականացնել: Տարբեր կարծիքներ են հնչում: Սա ոչ թե խնդիր է, այլ հարստություն՝ շարժման համար:
-Եթե միասնական եք, ապա ինչո՞ւ էր Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման օրը ՀՀ Ազգային ժողովի դիմաց մարդկանց թիվը սակավաթիվ:
- «Չե´ք անցկացնի» նորաստեղծ կազմակերպության համար այդքան մեծ հանրահավաքը պետք է լավ մեկնարկ համարել: Դեռ քարոզարշավը չի սկսել, ամեն ինչ դեռ առջեւում է:
-Խոսենք ֆինանսական ռեսուրսների մասին: Որտեղի՞ց կամ ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում «Ո´չ»-ի ճակատը:
-Ֆինանսական ռեսուրսների առումով ոչ մի համեմատություն «Ո´չ»-ի ու «Այո´»-ի ճակատի միջեւ չկա: «Այո´»-ի ճակատն իշխանության կողմից կազմակերպված ճակատ է, այն օլիգարխների ճակատ է: Եթե մենք ունենայինք նրանց ֆինանսներին գոնե մոտ թիվ, մեզ շատ ավելի հեշտ կլիներ, սակայն դա հնարավոր չէ , քանի որ նրանք ժողովրդին թալանելով են այդ ամենը կուտակել: Մենք մեր ուժերով ենք առաջ գնալու:
- Արդյո՞ք ձեր կողմից կատարված ներդրումները բավարար կլինեն ծրագրերն ու նպատակները կյանքի կոչելու համար:
-Ի՞նչ եք առաջարկում, մենք հակառակորդի ֆինանսական տեռորի պատճառով նահանջե՞նք: Ո´չ, մենք չենք նահանջելու: Իհարկե, խնդիրը բարդ է, եւ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ չեղած ժողովրդական աջակցությունը ստեղծի, կեղծի: Բայց մենք պետք է պայքարենք, որովհետեւ դիմադրությունը տալիս է ինչ-որ շանս:
Սոսե Չանդոյան