Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական հենարան ու քաղաքական թիմ. Վահրամ Մկրտչյան
InterviewԱյսօրվա դրությամբ նոր Սահմանադրությանը դեմ են արտահայտվում ընդդիմադիր «Ո´չ»-ի ճակատը, որը կազմված է մի քանի հակաիշխանական գաղափարներով առաջնորդվող քաղաքական կուսակցություններից ու ՀԿ-ներից եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ 2-րդ նախագահի խոսքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ թերեւս ավելի նկատելի է, քանի որ վերջինս ամեն պատեհ ու անպատեհ առիթով հանդես չի գալիս սուր քննադատությամբ:
Թե իրականում ուր են տանում Ռոբերտ Քոչարյանի քննադատությունների խորը արմատները, Orer.am-ը զրույցի ընթացքում ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանից: «Ես համոզված եմ, որ հնչող քննադատությունները անկեղծ չեն, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր ցանկության կամ ենթադրության մակարդակով պատկերացնում էին, որ այս կամ այն կերպ կարող էին լինել նախագահ, քննադատում են: Ես վստահ եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանին կամ մնացած քննադատողներին ասեին, որ դու կարող ես լինել երկրի վարչապետ, միանշանակ կողմ կարտահայտվեին սահմանադրական փոփոխություններին: Նա հստակ չի խոսել իր ցանկությունների մասին, դրա համար որեւէ գնահատական չեմ կարող տալ՝ ասելով, թե ինչ նպատակներ ունի ՀՀ 2-րդ նախագահը»,- ասաց նա:
Անդրադառնալով նաեւ Ռ. Քոչարյանի այն դիտարկմանը, թե նոր Սահմանադրությունը լուրջ սպառնալիք է ՀՀ-ի ապագայի համար, պատգամավորը նկատեց. «Այսօր, բացի եվրոպական երկու երեք երկրից, բոլորը պառլամենտական են, այստեղ հարց է առաջանում՝ ինչու այդ պետությունները մինչ օրս չեն կործանվում: Այս հարցում կարեւոր է ներկուսակցական դեմոկրատիան: Կարծում եմ, որ մեր կուսակցությունները շատ արագ վերափոխվելու են եւ հարմարվեն նոր իրողություններին կամ կոչնչանան: Սա շատ հարմար տարբերակ է լիդերոմանիայից դուրս գալու համար: Եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք, որ «դեմ» են արտահայտվում կա´մ ցցուն լիդերները, կա´մ ցցուն լիդերներ ունեցող կուսակցությունները»,- ասաց Վ. Մկրտչյանը: «Իհարկե, ՀՀԿ-ն էլ իր լիդերն ունի, սակայն նա այն ուժն է գտել իր մեջ, որ պետք է կառավարել թիմերով: Եթե Ռոբերտ Քոչարյանն այսօր ունենար մեծ թիմ, ինքը կողմ կլիներ սահմանադրական փոփոխություններին, քանի որ այստեղ ոչ թե անձերի, այլ թիմերի պայքար է: Ըստ էության, նա չունի քաղաքական հենարան ու քաղաքական թիմ, դրա համար էլ դեմ է արտահայտվում՝ հույս ունենալով որ ինչ-որ մի օր անձերի պայքարի միջոցով կլուծվի վերադարձի հարցը»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան