«Նոր Հայաստանի» ստեղծման գաղափարը ուշ է, բայց ոչ ուշացած. Ա. Մարտիրոսյան
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս ձեւավորվել է սահմանադրական փոփոխություններին ոչ ասող նոր ընդդիմադիր ճակատ՝ «Նոր Հայաստանը», որին անդամակցել են «Հիմնադիր խորհրդարանը», «Ժառանգությունը», Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, ԱԻՄ-ն էլ՝ դիտորդի կարգավիճակով: Հիշեցնենք՝ ճակատը հայտարարել է, որ իրենց նպատակն է անգամ անհնազանդության միջոցով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելը:
Հասկանալու համար, թե ինչու վերոնշյալ անձինք որոշեցին առանձնանալ «Չե´ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունից եւ ստեղծել պայքարի առանձին ճակատ, Orer.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: «Այս ճակատին «Ժառանգություն» կուսակցությունից միացել ենք ես եւ պարոն Հովհաննիսյանը, դա կուսակցական ձեւաչափ չէ: Պետք է նշեմ, որ մենք չենք անջատվել «Չե´ք անցկացնի» նախաձեռնությունից, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աջակցելու ենք երիտասարդներին: «Նոր Հայաստանը» ոչ այդքան սահմանադրական փոփոխությունների դեմ ճակատ է, որքան արտահերթ ընտրությունների ճակատ, որի կետերից մեկը կլինի սահմանադրության փոփոխության կասեցումը: Մենք նախատեսում ենք քայլեր ձեռնարկել մինչեւ հանրաքվեն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ փորձելով հարցը դիտարկել մաթեմատիկական տեսանկյունից: «Փորձեմ մաթեմաթիկական լեզվով բացատրել՝ թեորեմն ապացուցելու համար իրավիճակ են ենթադրում, հիմա ենթադրենք, որ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշում են, որ սահմանադրական փոփոխությունները կասեցվում են եւ ինչ-ինչ պատճառներով հանրաքվե չի անցկացվում: Հարց՝ արդյոք դրանից երկրում առկա լրջագույն իրավիճակը, որն այժմ կա, կլուծվի: Այս պարագայում մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է արմատական փոփոխություն՝ արտահերթ ընտրություններ, անհրաժեշտ է ժամանակավոր կառավարության ձեւավորում, որը գլխավորապես կունենա մեկ խնդիր, որ երկիրը պատրաստվի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ձեւավորված նոր ճակատը ժամանակային առումով կհասցնի այնքան թափ առնել, որ իշխանափոխություն իրականացնի, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե, ժամանակը կարճ է, դուք տեսակ սկզբնական քայլ արվեց՝ ճակատը ձեւավորվեց, պետք է հայտնեմ, որ մենք բաց ենք եւ կցանկանայինք, որ ընդդիմության այլ ներկայացուցիչներ եւս լինեին այդտեղ: Ցանկացած պարագայում կարծում եմ, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով փորձել երկրում ստեղծված վիճակը շտկել: Նախաձեռնության ստեղծման գաղափարը ուշ է, բայց ոչ ուշացած»:
Սոսե Չանդոյան