Բարձր մասնագիտական կրթություն ստանալը հայ երիտասարդների համար այժմ հասանելի է նաեւ վիրտուալ ձեւաչափով
SocietyՕրերս աշխարհահռչակ մի շարք կրթական օջախների ներկայացուցիչներ, հավաքվելով մեկ ընդհանուր տանիքի տակ, հայ երիտասարդներին էին ներկայացնում իրենց ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող քայլերն ու ծրագրերը: Orer.am-ի հետ զրույցի ժամանակ Management & Marketing Universal Business School-ի հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Արման Բալյանը տեղեկացրեց, որ բիզնես դպրոցը գրանցված է Շոտլանդիայում. «Այն հիմնականում մասնագիտացած է մենեջմենթի եւ մարկետինգի ուղվածությամբ: Վիրտուալ դպրոցը մեծ հնարավորություններ է տալիս մարդկանց ստանալ որակյալ կրթություն՝ անգամ լինելով հազարավոր կիլոմետր հեռավորության վրա»:
Ըստ Ա. Բալյանի՝ գրանցվելով եւ դառնալով տվյալ բիզնես դպրոցի ուսանող՝ օրվա ցանկացած ժամի նրանք հնարավորություն կունենան այցելել կայք, որտեղ տեղադրված են համապատասխան նյութեր եւ ստանալ իրեն հետաքրքրող տեղեկություն եւ գիտելիք: «Դասընթացները լինում են մեկամսյա, չորսամսյա եւ տասնչորսամսյա ժամանակագրությամբ: Ուսումնական ծրագիրն ուսումնասիրելուց եւ համապատասխան քննություն անցնելուց հետո կարող է ստանալ MBA կամ մինի MBA դիպլոմ»,- նշեց MMU Business School-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:
Խոսելով օնլայն ուսուցման առավելությունների մասին՝ նա նաեւ հավելեց, որ օնլայն ուսում ստանալու առավելությունն այն է, որ ուսանողները լրացուցիչ գումար չեն վատնում մի երկրից մյուսը տեղափոխվելու եւ բնակության հարց լուծելու համար: Ուսանողների հետ աշխատում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներ, որոնք վերապատրաստվել են ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա:
«Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը Աննա Հարությունյանը, ներկայացնելով իրենց կառույցի գործունեությունն ու ծրագրերը, նշեց, որ համալսարանը գտնվում է Բուդապեշտում: «Այն հասարակության բաց մտածողության մի տիրույթ է, որտեղ հավաքվում եւ հավասար հիմունքների վրա են սովորում ինստիտուտի ուսանողները: Ունենք 14 ֆակուլտետ, 34 մագիստրատուրայի ծրագիր, հիմնականում հասարակագիտության եւ հումանիտար առարկաների ուղղվածությամբ»,- ասաց նա:
Խոսելով նաեւ համալսարանի՝ ուսանողներին մատուցվող աջակցության մասին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ համալսարանը կարող է հոգալ ուսանողների ուսման վարձի, բնակարանի եւ այլ ծախսերի հետ կապված հարցեր»: