Ս. Քոչարյանի նախադեպը զուտ հումանիստական դրսեւորում է, ոչ թե դատական սխալի ընդունում. Լարիսա Ալավերդյան
InterviewԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցմահ դատապարտյալ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանն ազատություն ստացավ: Նշենք, որ Ս. Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդության հիմքում էին դրված դատապարտյալի առողջական խնդիրները: Խոսելով դատական նախադեպի մասին` ՀՀ-ում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ կայացրած որոշումը զուտ մարդասիրական դրսեւորում է. «Հումանիստական տեսանկյունից սա դրական շարժ է, այս առումով սա առաջին դեպքն է, երբ տեղի է ունենում գործի վերանայում: Ես պետք է հիշեցնեմ, որ հասարակության մեջ քննարկվող հարցը եղել է ոչ այդքան հումանիստական դրսեւորումը, որքան ստեղծել այնպիսի մի նախադեպ, երբ մեր համապատասխան դատարանները ճանաչում են կամ գտնում են, որ հնարավոր է, որ տեղի է ունեցել դատական սխալ: Մենք պետք է հստակեցնենք ու ասենք, որ տվյալ նախադեպը զուտ հումանիստական դրսեւորում է: Մենք պետք է հաշվի առնենք նաեւ տվյալ անձի կողմից պետությանը մատուցած ծառայությունները»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի՝ թեև Սողոմոն Քոչարյանն արդեն ազատության մեջ է, այնուամենայնիվ, չի ապացուցվել, որ տեղի է ունեցել դատական սխալ, որի պատճառով էլ անձը հայտնվել է ճաղերից այն կողմ: «Բոլոր դեպքերում, մենք պետք է ողջունենք, որ հումանիստական դրսեւորում է ցուցաբերվել, սակայն պետք է նշենք, որ խնդիրը դեռ մնում է, այսինքն արդյոք Հայաստանում կլինի այնպիսի մի նախադեպ, երբ դատարանը կճանաչի դատական սխալի առկայությունը: Նկատենք, որ դատական սխալի մասին խոսք չի գնացել եւ տվյալ դեպքում Սողոմոն Քոչարյանը չի արդարացվել, մեղքը, ըստ դատարանի, մնում է ապացուցված»,- նկատեց Լ. Ալավերդյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն անդրադառնալով՝ Լարիսա Ալավերդյանն մի քանի նկատառում կատարեց. «Մարդու իրավունքների պաշտպանները, երբ պաշտպանում են ցմահ դատապարտյալների իրավունքները, նախեւառաջ, պաշտպանում են տվյալ իրավիճակում գտնվող մարդկանց իրավունքները, նրանք հետեւողական են լինում բողոքների արձագանքին, նրանց առողջական վիճակին, պայմաններին եւ այլն: Այս գործում Սողոմոն Քոչարյանի առողջական խնդրին անդրադառնալը, ինչ խոսք, վերաբերում է նրա իրավունքները պաշտպանելուն»,- նկատեց Լ. Ալավերդյանը՝ անդրադարձ կատարելով տուժող կողմի շահերին: «Երբ պաշտպանն ասում է, որ այս գործում կան հիմքեր գործը վերանայելու համար, դա ամենեւից չի նշանակում, որ իրենք վիրավորում են տուժածի կողմին: Շատ անգամ նման հարց է բարձրացվում, իսկ դուք նկատի ունեցե՞լ եք տուժած կողմի զգացմունքները, ինչն այդքան էլ ճիշտ հարցադրում չէ: Նախեւառաջ, պետք է ամեն ինչ արվի, որ արդարությունը հաղթի եւ երկրորդ՝ արդարադատությունը գործի ըստ օրենսդրական նորմերի»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան