Թուրքական հիստերիայի իրական շարժառիթները՝ ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի
InterviewՕրերս մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում նոր նահանգ ստեղծելու մասին քրդերի հայտարարությունը Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլ է որակել: Քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի կարծիքով՝ դա ոչ միայն սպառնալիք է Թուրքիայի համար այլ մահ, որովհետև Սիրիայի տարածքում քրդական պետականության ստեղծումը կլինի Թուրքիայի քրդերի քաղաքական հենարանը և հարթակ՝ թուրքական պետության կործանման համար Orer.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը: «Էրդողանը հասկանում է, որ եթե թուրքական պետականության հարցը մի քիչ երերա, հայկական հարցը կկանգնի նրանց կոկորդին: Հայերի ոսկորները կանգնելու են նրանց կոկորդին, քանի որ հայերի ունեցվածքի շնորհիվ են նրանք միլիարդատերեր դարձել: Նրանց տներում այսօր հայկական հարստությունն է շողշողում: Թուրքը շատ պրագմատիկ է՝ նրանք ժամանակ չունեն հեքիաթների մեջ մտնելու: Նրանք շատ գործնական են՝ այսքան մորթեցին, այսքան փող աշխատեցին: Այն, որ ասում են՝ ստարտեգ են, այդպես չէ: Այդ ո՞նց է, որ իրենք իրենց արյան բաղնիքը սարքում են և դրա շնորհիվ լուծում ստրատեգիական խնդիրներ, ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ էր: Նրանք եկան և տեղավորվեցին հայկական տարածքում, հայկական փողերի վրա: Սա է ռեալ իրականությունը: Մնացածը հեքիաթներ են: Իսկ այն գումարները, որը աշխատեցին Հայոց ցեղասպանության տարիներին, տրամադրեցին թուրքական բանակին և ռուսական գումարների ու դավաճան բոլշևիկների հետ միասին այն օգտագործեցին հույների դեմ պայքարում և հաղթեցին»,- ասում է Լ. Շիրինյանը:
Խոսելով Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայիս շահերի մասին՝ նա նշեց, որ դրանք դադարել են համընկնել, քանի որ արաբական աշխարհի պետություններից Իրաքը ծնկի եկավ, Սիրան ճգնաժամի մեջ ընկավ, իսկ Մերձավորարևելյան տարածաշրջանում գտնվող մնացած պետությունները ցնցվում են: Իսրայելը, գտնվելով այդ տարածքում, դարձավ «մոնստր»: «Այսինքն՝ այն ռեալ հակառակորդները, որոնք կարող էին դեմ լինել Իսրայելին, այս կամ այն կերպ ոչնչացվեցին: Ներկայում ԱՄՆ-ն այլևս Իսրայելի կարիքը չունի, և քանի որ Իսրայելը ձգտում է տարածաշրջանային մոնստր դառնալ, ուստի ըստ բալանսի քաղաքականության՝ Իսրայել պետության ականջները պետք էր քաշել և Օբաման քաշում ու չափավորում է, և հիմա Իսրայելը համագործակցում է Ռուսաստանի հետ»,- ասում է Լ. Շիրինյանը:
Իսկ հարցին, թե ո՞ր կետում համընկան Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական շահերը, որն էլ և հիմք հանդիսացավ, որ Ռուսաստանը «մուտք գործի» սիրիական տարածք, հարցին քաղաքագետը պատասխանեց, որ ռուս-ամերիկյան համագործակցության արդյունքում ճշտվեցին ազդեցության գոտիները և քանի որ Ռուսաստանը այդ տարածաշրջանում շահեր ունի, ուստի իրականում դա է պաշտպանում: «Ռուսները վախենում են Սև ծովի տարածքում օտարերկրյա նավատորմերի գոյությունից, և Ռուսաստանն իր օրինական շահն է պաշտպանում: Արևմուտքն աղաղակում էր, թե Ռուսաստանը մեռել է, Ռուսաստանը նանոտեխնոլոգիաներ չունի: Հիմա նման կարծիք հայտնողները բոլորը պապանձվել են: Փաստորեն այս պահին տարածաշրջանում վերադասավորում է գնում: Մյուս կողմից, քանի որ թուրքական պետության հզորության աճն արդեն դուր չի գալիս ԱՄՆ-ին, այդ է պատճառը, որ ամերիկացիները կողք են քաշվել, որպեսզի ռուսները նրանց նեղեն: Դա է պատճառը, որ թուրքական վերնախավը հիստերիայի մեջ է ընկել»,- ասում է Լ. Շիրինյանը:
Արմինե Գրիգորյան