Հակառակորդի գնդակոծությունից տուժած բերդավանցիները կարողացել են վերականգնել իրենց տները
SocietyՍեպտեմբեր ամսին ադրբեջանական զինուժի կողմից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծված Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան, Բարեկամավան,Դովեղ գյուղերը բավական տուժեցին: Գնդակոծության հետևանքով սահմանամերձ բնակավայրերում ոչ միայն խաղաղ բնակիչներ զոհվեցին ու վիրավորվեցին, այլև վնասվեցին տները: Հակառակորդի չպատճառաբանված և անտրամաբանական քայլի հետևանքով բազմաթիվ մարդիկ կանգնել էին ձմեռն առանց տանիքի անցկացնելու վտանգի առջև, սակայն կառավարության և հայ գործարաների համատեղ ջանքերի շնորհիվ պատճառված վնասը ոչ միայն հնարավոր եղավ փոխհատուցել, այլև վերականգնվեցին վնասված տների տանիքները, կոտրված գույքն ու ապակիները:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը Orer.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չնայած կառավարության կողմից տրամադրված փոխհատուցումը վերջին օրերին է տրամադրվել, բայց բնակիչներն ու իրենք մինչև փոխհատուցումը ստանալը ինչպես կարողացել են իրենց գլխի ճարը տեսել են: «Անհնարին էր այս ջերմաստիճանին բաց պատուհանի տակ քնել, կամ ապրել: Ամեն ինչն արդեն վերականգնվել է, բայց երեք օր առաջ արդեն գումարները փոխանցվել է հաշվեհամարների վրա և գյուղի բոլոր բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները»,- ասաց Ա.Գաբրիելյանը:
Գյուղապետի խոսքով՝ գյուղում չկան բնակիչներ, որոնց կորուստն ավելի շատ լինի, քան փոխհատուցման չափը, քանի որ մանրակրկիտ ձևով ուսումնասիրվել է բնակչության վնասը և կառավարությունն այն ամբողջությամբ փոխհատուցել է: «Պարզապես եղել են բնակիչներ, որոնք դեպքից 10-15 օր հետո են արձագանքել, բայց դրանք շատ փոքր՝ լոկալ բնույթի վնասներ են եղել՝ տան ապակու մի փոքրիկ մասն է վնասված եղել և այն»,- ասաց գյուղապետը:
Այն հարցին թե կարող ենք այս պահին արձանագրել, որ բերդավանցիները ձմեռն առանց տանիքի չեն անցկացնի, Բերդավանի գյուղապետը պատասխանեց, որ այն բնակիչները, ովքեր այս պահին բնակվում են գյուղում, իրենց տները վերականգնել են, իսկ այն ընտանիքները, ովքեր տեղափոխվել են Երևան, դեռ չեն վերականգնել: «Բնակության համար անհրաժեշտ ամեն ինչ վերականգնվել է: Կային տներ, ոնոնց տանիքը, ապակիները և դարպասն էր վնասվել: Տանիքն ու ապակիները վերականգնվել է, իսկ դարպասը՝ դեռ ոչ: Բայց, ամեն դեպքում, այս պահին դա էական խնդիր չէ, այլ ժամանակի ընթացքում լուծվող հարց»,- ասաց Ա.Գաբրիելյանը:
Նա նաև նշեց, որ բերդավանցիները կարողացել են իրենց բերքը բավականին բարձր գնով՝ 150 դրամով մթերել: «Գագիկ Ծառուկյանն էր ժամանել և բոլոր բնակիչները կարողացան տարածաշրջանում ամենաբարձր գնով հանձնել իրենց բերքը և մթերման պահին էլ ստանալ գումարները: Այդ առումով խնդիր չենք ունեցել: Խնդիր կար բերքահավաքի ընթացքում, երբ հակառակորդի կողմից կրակում էին մարդկանց վրա: Դժվարությամբ, բայց քիչ-քիչ կարողացանք հավաքել բերքը և հանձնել»,- ասաց Բերդավանի գյուղապետը: Գյուղապետի տեղեկացմամբ՝ այս պահին Բերդավանում օդի ջերմաստիճանը + 7 աստիճանի սահմաններում է և գյուղն այս պահին ապրում է իր սովորական, բնականոն կյանքով:
Արմինե Գրիգորյան