Եթե այդ օրենքը չլիներ, փոքր եւ միջին բիզնեսն ընդհանրապես կմեռներ. Հրանտ Բագրատյան
EconomicsՀամաշխարհային բանկի գնահատմամբ՝ ՀՀ-ի հարկային ոլորտում մինչ օրս իրականացված փոփոխությունները, մասնավորապես էլեկտրոնային թղթաշրջանառությանն անցնելու մասին օրենքը, դեպի դրականը տանող փոփոխություններ են: Թեմայի շուրջ Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, մինչ օրս հարկային ոլորտում կատարված փոփոխությունների 20%-ն է դրական եղել, որպես օրինակ կարող եմ բերել Շրջանառության հարկի մասին օրենքը եւ հետագայում նաեւ դրա ընդլայնումը, որը կարող է լինել: Սակայն ավելի շատ կային նաեւ սխալներ, որոնք մենք օրենքի ձեւով ընդունեցինք, օրինակ՝ արտահանման հարկավորումը, որը կասկածելի է թվում»,- ասաց պատգամավորը:
Իսկ թե ինչով էր Շրջանառության հարկի մասին օրենքը դրական, պատգամավորը մանրամասնեց. «Շրջանառության հարկի մասին օրենքը լավ օրենք է, սակայն մենք խնդիրներ կարող ենք ունենալ դրա կիրառման հետ, պարզապես կարող եմ մեկ բան ասել սրա հետ կապված, եթե այս օրենքը չլիներ, փոքր եւ միջին բիզնեսն ընդհանրապես կմեռներ: Այստեղ պետք է ասել՝ ոչ թե այն, թե ինչի ենք հասել, այլ այն, թե ինչ թույլ չտվեցինք, արդյունքը դեմն առնելն էր»:
Էլեկտրոնային թղթաշրջանառության մասով էլ պարոն Բագրատյանը նշեց, որ էլեկտրոնային կրիչների մասով հարկային վարչարարության մեջ Հայաստանը բավական լուրջ աշխատանք է կատարել: «Այն իր դրական պտուղները կտա, սակայն այն պնդման հետ, թե դա կվերացնի կոռուպցիան, համաձայն չեմ, քանի որ դա ուղղակի առումով կոռուպցիայի հետ կապ չունի, այն հարկային վարչարարության էֆեկտիվ աշխատանքի բարձրացմանն է ուղղված»,- հավելեց նա:
Սոսե Չանդոյան