Երբեք չեմ դիմել որևէ վիրահատության կամ բժշկական որևէ չնչին միջամտության. Լիկա Սալմանյան
LifestyleOrer.am-ը զրուցել է Լիկա Սալմանյանի հետ, ում ճանաչում ենք հայկական հեռուստասերիալներից: Լիկային հաճախ են քննարկում լրատվամիջոցները, խոսում են նրա տեսքի, դերասանական խաղի, անձնականի և այլնի մասին: Մեզ հետ զրույցում Լիկան պատմեց, որ Բժշկական քոլեջում ուսումը կշարունակի հունվարից. հիմա տարկետման մեջ է: Լիկայի համար իր երկու մասնագիտություններն էլ հետաքրիր են, սակայն հիմա նկարահանվում է սերիալում, որն էլ ժամանակատար է: Մանրամասն ներկայացնում ենք հարցազրույցում:
-Լիկա, եթերում տեսնում ենք տարբեր կերպարներ քո մարմնավորմամբ: Իրական կյանքում ո՞վ է Լիկա Սալմանյանը:
-Կարծում եմ ինքս ինձ նկարագրելը շատ սխալ է: Այդ հարցը ճիշտ կլինի ուղղել կոլեգաներիս կամ ընկերներիս:
-Տղամարդու իդեալ ունե՞ս:
-Աշխատում եմ իդեալներ չստեղծել. Չունեմ իդեալ, քանի որ դրանք ուղղակի պատկերացումներ են:
-Ինչպիսի՞ն պետք է լինի տղան, որ կարողանա գրավել քեզ:
-Կոնկրետ որևէ հատկանիշ չեմ կարող նշել, որը կարող է գրավել ինձ: Ցավոք, կամ բարեբախտաբար, սերը այնպիսի բան է, որ ոչ ոք ապահովագրված չէ նրանից:
-Առանց սիրո կարծես կյանքը դատարկ լինի, սիրահարվա՞ծ եք:
- Անձնական թեմաներով հարցերին չեմ պատասխանում (ժպտում է):
-Սերիալներում նկարահանվելը հաճելի աշխատա՞նք է, թե՞ գումար վաստակելու միջոց:
-Երկուսը` մեկում: Կարելի է ասել` այս ասպարեզ ինձ բերել է այն, որ հասկացել եմ՝ դա ինձ հաճելի է: Իսկ երբ վարձատրվում ես արածդ աշխատանքի դիմաց, դա դառնում է հաճելի և շատ կարևոր:

-Լիկա, կարելի է ասել ամեն օր կայքերը հրապարակում են քո նկարները և որակում քեզ որպես գեղեցիկ, հաստ շուրթերով, շատ շպարված կամ բաց հագուստով աղջկա: Ինչպե՞ս ես վերաբերվում այս ամենին:
- Նախ ասեմ, որ իմ անձի հետ կապված բաց հագուստը չի ասոցացվել, չեմ տեսել նման նյութ իմ մասին: Միշտ խոսում են, որ ես արհեստական եմ և դիմել եմ շատ վիրահատությունների. երբեք չեմ դիմել որևէ վիրահատության կամ բժշկական որևէ չնչին միջամտության: Հասկանում եմ, որ հիմա կա տենդենց` ունենալ փոքր քիթ և հաստ շուրթեր, բայց ես ծնվել եմ էնպիսին, ինչպիսին հիմա եմ: Ուղղակի պետք է հասկանալ, որ եթե դիմացինդ ունի գեղեցիկ արտաքին, դա չի լինում միայն արհեստական միջոցներով:
Ինչ վերաբերում է շպարին, կարծում եմ, չես կարող նույն տեսքով լինել և՛ առօրյայում, և՛ եթերում: Առօրյայում գրեթե չեմ շպարվում, իսկ եթերը դա պահանջում է:
-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին:
-Քննադատություններին վերաբերվում եմ նորմալ, եթե առողջ են: Նրանք, ովքեր դիմացինին քննադատում են ոչ տեղին կամ սխալ ինֆորմացիա ունենալու պատճառով, ես նման մարդկանց լուրջ չեմ վերաբերվում:

-Երազկո՞տ ես, թե՞ տեսակով ավելի սառնասիրտ ես:
-Սառնասի՞րտ: Ոչ, այդ բառն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, բայց երազկոտ էլ չեմ:
-Լիկա, որպես երիտասարդ և որպես ուսանողուհի, ի՞նչ կփոխեիր կրթական ոլորտում:
-Այս հարցը շրջանցենք:
-Կցանկանայի՞ր նկարահանվել գեղարվեստական ֆիլմում:
-Կցանկանայի. եթե ինձ հետաքրքրող կերպար լինի, իհարկե, սիրով: Ցավոք, ինձ արված առաջարկները դեռ չեն համապատասխանել իմ ցանկություններին:

-Դեմ չե՞ս բաց տեսարաններին:
-Դեմ եմ. բաց տեսարաններում չեմ նկարահանվի:
-Իսկ ի՞նչ կասես թատրոնի մասին:
-Հեռուստատեսությունն ինձ ավելի մոտ է: Ես վախենում եմ բեմից…
Նյութը` Լիանա Կարապետյանի