«Այո»-ի ճակատում դեռ չեն կողմնորոշվել, իսկ «Ոտքի´, Հայաստանն» ընդունում է առաջարկը
InterviewԻնչպես արդեն տեղեկացրել էինք, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն օրերս հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցները կարող են օգտվել Հայաստանի տարածքում անցկացվող ռեալիթի շոուի անվճար եթերաժամերից՝ օրը 10-12 ժամ: Քաղաքական տարբեր ուժի ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիներին կարող են ներկայացնել սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ լինելու իրենց հիմքերն ու պատճառները:
Orer.am-ը վերոնշյալ թեմայի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ՝ պարզելու, թե արդյոք «Այո»-ի կողմնակիցները կմասնակցեն ռեալիթի շոուին: «Մենք կամ մեր թիմից որեւէ մեկը կգնա՞, թե՞ ոչ, կորոշի շտաբի քարոզչության պատասխանատուն: Շտաբով պետք է որոշենք՝ ինչ կերպ ենք իրականացնելու մեր քարոզարշավը եւ արդյոք նմանատիպ ծրագրերին մասնակցելո՞ւ ենք, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա կարող եմ ասել, եթե տրամադրվում է անվճար եթեր, այն էլ հավասար պայմաններով, ապա դա ողջունելի է: Ես բազմիցս նշել եմ եւ եւս մեկ անգամ կուզեի հիշեցնել, որ հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարեցինք եւ քարոզարշավի համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմերի համար հավասար պայմաններ ստեղծեցինք՝ անվճար եթերաժամեր եւ դահլիճներ տրամադրելով»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ պայքարի համար հարկավոր են հավասար պայմաններ: Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող «Ոտքի´, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը, քննարկելով առաջարկն իր թիմակիցների հետ, հայտնեց, որ առաջարկը բավական հետաքրքիր է: «Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում եւ գյուղերում անցկացվելիք ռեալիթի շոուին»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան