Բարձր բերք՝ թայվանական տեխնոլոգիաների շնորհիվ
EconomicsՀՀ նախագահի աշխատակազմի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի 10 համայնքում իրականացվել է «Կլիմայի փոփոխության պայմաններում բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության և երիտասարդների ներգրավմամբ» ծրագիրը:
«Սուրբ Հեղինե» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի պատասխանատու Կարինե Սառիկյանն Orer.am-ին տեղեկացրեց, որ Տավուշի մարզի որոշ գյուղաբնակ ֆերմերներ անցյալ տարվանից կիրառելով այդ տեխնոլոգիաները, այս տարի պոմիդորի, կծու տաքդեղի, բադրիջանի բավականին բարձրորակ բերք են կարողացել աճեցնել: «Թայվանական տեխնոլոգիաների կիրառման առավելությունն այն է, որ արդյունքում ստացվում է ավելի բարձրորակ բերք: Այդ տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել նոր հողատարածքներ, ստեղծել սածիլներ արտադրող ժամանակակից արտադրամասեր, որի շնորհիվ մարզում կարող է զարգանալ բանջարեղենների արտադրությունը»,- ասում է Կ. Սառիկյանը: Փորձը ցույց է տվել, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս սածիլներն ավելի վաղ տեղափոխել, արևոտ օրերն ավելի շատ օգտագործել, ինչի արդյունքում երկարում է բույսի վեգետացիոն շրջանը և մեծանում է բարձր բերք ստանալու հնարավորությունը: Բացի այդ, հնարավորություն է ընձեռվում տեղում բարձրորակ սածիլներ արտադրել: