Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների դիմումների ընդունումը
Society«ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և մրցույթների աջակից «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ սկսվել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները, որոնց նպատակը փորձառու հայ մասնագետներին բացահայտելն ու խրախուսելն է: Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, կազմակերպիչների կարծիքով՝ մրցույթը թույլ կտա Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, քանի որ նշված սարքերը լայն կիրառություն ունեն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ նման մրցույթները գերկարևոր և պրակտիկ նշանակություն ունեն և իրենք հույս ունենք, որ այս սարքերն օգտակար կլինեն հատկապես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու համար: Մրցույթների աջակից «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ իր հերթին նշել է, որ, լինելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտում գործող կազմակերպություն, ընկերությունը չէր կարող անմասն մնալ նմանատիպ նախագծերի մասնակցելուց: «Այս մրցույթները ոչ միայն նպաստում են մեր երկրում բարձրակարգ մասնագետների բացահայտմանը, այլև մեծ նշանակություն ունեն Հայաստանի պաշտպանության ոլորտում: Մենք վստահ ենք, որ մրցույթների արդյունքում կստեղծվեն այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են ծառայել ի պաշտպանություն մեր հայրենիքի և օգտագործվել բանակում կամ այլ ոլորտներում»,- ասաց Հ.Եսայանը:
Մրցույթներն անցկացվելու են 3՝ գրանցման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով: Գրանցման փուլը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը, որի ընթացքում ներկայացված գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ և բարելավել իրենց նախագծերը: Առաջին փուլում գրանցված գաղափարների հեղինակներին ևս մեկ առավելություն է սպասվում: Կկազմակերպիչները նրանց կտրամադրեն սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ դետալներ: Իսկ հաջորդ՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը տեղի կունենան համապատասխանաբար փետրվար և մարտ ամիսներին: Հաղթող նախագծերը կորոշվեն առաջատար ինժեներ-մասնագետները, իսկ հեղինակները կստանան խոշոր դրամական պարգևներ: Մրցույթի գրանցման հայտն ու տեխնիկական առաջադրանքների մանրամասները՝ armrobotics.am կայքում: