Շատ պլաններ ունեմ ապագայի համար, բայց դեռ զբաղված եմ փոքրիկիս խնամքով. Անուշիկ Ալավերդյան
LifestyleOrer.am-ի զրուցակիցն է Անուշիկ Ալավերդյանը: Նրա կարիերան ժամանակավոր դադար է առել կյանքի ամենահաճելի զբաղվածության պատճառով. Անուշիկը խնամում է իր մեկ ամսական դստերը: Մեզ հետ զրույցում նա պատմեց մայրական զգացողությունների, իր մանկության, ապագայի պլանների մասին և սկսնակ երգիչներին տվեց իր խորհուրդները: Մանրամասները սիրով ներկայացնում ենք հարցազրույցում:
-Կպատմե՞ք մայրիկ կոչման զգացողությունների մասին:
-Դա ֆանտաստիկ բան է, անբացատրելի. երջանիկ եմ շատ:

-Կա՞ ինչ-որ բան, որ զգում եք` պակաս է եղել Ձեր մանկության մեջ:
-Իմ մանկությունը պարզապես հրաշալի է եղել: Որևէ բան չէի փոխի: Ծնողներս ամեն բան արել են մեր կատարյալ մանկությունը ապահովելու համար:
-Դեռ մանկությունի՞ց էր որոշված դառնալ երգչուհի:
-Դեռ մանկությունից հիշում եմ, որ մեր տանը միշտ երաժշտություն է հնչել: Հայրս տարբեր երգեր էր սովորեցնում: Մեծացել եմ այն մտքով, որ անպայման երգելու եմ:
-Եթե ոչ երգչուհի, ապա՞:
-Երբ կարդում եմ իմ առաջին կամ երկրորդ դասարանի շարադրությունները, որոնք շատ խնամքով պահպանում եմ, գրված է, որ ցանկացել եմ դաշնամուրի ուսուցչուհի դառնալ:
-Հնարավո՞ր է ներդաշնակորեն համատեղել կարիերան և ընտանիքը:
-Իմ դեպքում դա անխուսափելի է: Երաժշտությունը իմ ու ամուսնուս կյանքն է, ապրելակերպը, աշխատանքը…
-Ընտանեկան երջանկություն ստեղծելու համար ի՞նչն է առավել կարևոր:
-Սերն ու հարգանքը:

-Ի՞նչ նորություններ կլինեն Ձեր բենդում:
-Հիմա փոքր ընդմիջում է բենդում, բայց շուտով սկսելու ենք կրկին համերգներ ունենալ ու նաև տեսահոլովակ նկարահանել բոլորին շատ ծանոթ երգի հիման վրա: Թող անակնկալ լինի:
-Իսկ ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար:
-Շատ պլաններ ունեմ ապագայի համար, բայց դեռ զբաղված եմ փոքրիկիս խնամքով: Կարծում եմ` նոր «Շնորհակալ եմ» տեսահոլովակից հետո իրավունք ունեմ փոքր դադար առնելու:
-Ունե՞ք երաժշտության սիրելի ոճ:
-Ես լսում եմ լավ երաժշտություն ու կապ չունի` դա ինչ ոճում կլինի:
-Անուշիիկ, ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակներին, ովքեր փորձում են իրենց տեղը գտնել երգարվեստում:
-Այսօր շատ կարևոր է երգի ճիշտ ընտրությունը: Թող երգեն այն երգերը, որոնք իսկապես զգում են, ուզում են, ապրում են, այլ ոչ թե այն, ինչը կոմերցիոն է: Թող լավ երաժշտություն մատուցեն, ինչը այսօր, ցավոք, շատ դժվար բան է:
-Եթե հնարավորություն տրվեր ևս մեկ կյանք ապրելու, ինչպե՞ս կսկսեիք այն:
-Կսկսեի այնպես, ինչպես սկսել եմ` ճանապարհին, իհարկե, որոշ բաներ շտկելով:

-Գիտեմ, որ սիրում եք սպորտը: Ժամանակ հատկացնու՞մ եք մարզվելուն:
-Միանշանակ. Հաճախում եմ լողի, մարզասրահ: Շուտով կվերսկսեմ պարապմունքները:
-Երազանքներ ունե՞ք:
-Երազանքներ շատ ունեմ, հիմնականում կապված են աշխատանքիս ու ընտանիքիս հետ: Աշխատում եմ ժամանակի ընթացքում իրականացնել: Կարծես` ստացվում է:
-3 բառ, որ իսկապես կբնորոշի Անուշիկ Ալավերդյանին:
-Ես անկեղծ եմ, զգայուն և չափազանց նյարդային:
Հ.Գ. Այսօր Անուշիկի դուստրը դարձավ 1 ամսական: Մենք փոքրիկին մաղթում ենք երջանիկ, անխռով կյանք:
Զրուցեց Լիանա Կարապետյանը