Էրդողանը չափազանց մեծ բեռ է վերցրել իր վրա, որը պետք է կարողանա թեթևացնել
InterviewՆոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններն անակնկալի բերեցին ոչ միայն Արևմուտքին, այլև միջազգային ողջ հանրությանը: Միջազգային վերլուծաբանները նույնիսկ կարծիք հայտնեցին, թե Արևմուտքը հայտնվել է Էրդողանի թակարդում: Հայ քաղաքագետները թուրքական դիվանագիտություն կողչվող «լեգենդի» մասին խոսելիս վաղուց են արձանագրել, որ այն ոչ թե խորամանկ է, այլ խիստ պրագմատիկ: Իսկ նպատակին հասնելուն միտված քայլերի հերթականությունը դարեր շարունակ գրեթե նույնն է: Այսինքն, սկզբում որոշվում է նպատակը, հետո ճշտվում է, թե ում միջոցով է հնարավոր այն իրականացնել և երրորդ՝ որքան գումարի դիմաց: Այսինքն, սա ոչ թե դիվանագիտություն է, այլ սովորական առևտուր, որի միջոցով էլ թուրքական քաղաքական էլիտան կարողանում է հաջողության հասնել ոչ միայն երկրի ներսում, այլև որոշ դեպքերում նաև միջազգային հարթակներում:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով՝ էրդողանյան Թուրքիայի շուրջ ներկայիս կանխատեսումները և միտումները ցույց են տալիս, որ վերջին ընտրություններից հետո Էրդողանին զսպող հակակշիռներն էականորեն թուլացել են և Էրդողանն այս իրավիճակում իրեն չափազանց ինքնավստահ է զգում: «Չեմ կարծում, որ չափազանցված է այն գնահատականը, որ ներքաղաքական հարթությունում Էրդողանի տեսանելի ինքնավստահությունը կարող է փոխանցվել նաև տարածաշրջանային քաղաքականությանը: Այս ընտրություններն Էրդողանին մանդատ տվեցին, որն օգտագործելով կգնա ավելի ավտորիտար կառավարման և Թուրքիայում ավտորիտարիզմն էլ ավելի կխորանա, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում, գնալով ավելի կխորանա: Պատճառն այն է, որ նրա գործողությունները զսպող իր հակակշիռները չափազանց թույլ են»,- Orer.am-ին ասաց Լ. Հովսեփյանը:
Ի դեպ, մինչև 2019 թվականը Թուրքիայում այլևս ընտրություններ տեղի չեն ունենալու, ուստի թուրքական իշխանությունները կախվածություն չունեն որևէ կապանքներից: Մամուլում տարածված այն տեղեկության մասին, թե ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների համար Թուրքիան դարձել է «կայանատեղի» և ահաբեկիչներն անարգել կարողանում են հատել թուրքական սահմանն ու պատսպարվել Թուրքիայում, հարցը թուրքագետն այլ տեսանկյունից է դիտարկում: Նրա կարծիքով՝ եթե նոյեմբերյան ընտրությունների ժամանակ Էրդողանը պարտվեր և այլ պատկեր ձևավորվեր Թուրքիայում, ապա դա նաև իր ազդեցությունը կունենար Թուրքիայի կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականության և այն բեռի վրա, որն իր վրա է վերցրել Թուրքիան: «Խնդրին պետք է մոտենալ նաև այդ տեսանկյունից և քանի որ թուրքական իշխանություններն ու Էրդողանն իրենց վրա չափազանց մեծ պարտականություն են վերցրել, ուստի պետք է կարողանան այդ բեռի ծանրությունը թեթևացրել, ինչ ճանապարհներով, ինչ մեխանիզմերով դեռևս անհասկանալի է: Համենայն դեպս, լրջագույն խնդիրներ կան Թուրքիայի առջև ներքին և արտաքին հարթություններում, որոնք լուծման կարիք են զգում»,- ասում է թուրքագետը:
Խոսելով տարածաշրջանային լարվածության մասին՝ Լ. Հովսեփյանի կարծիքով այն դեռևս կպահպանվի, սակայն դրա թուլացման և խնդիրների լուծման մեխանիզմների հստակեցումը կորոշակիացնեն Թուրքիայի տեղն ու դերը տարածաշրջանային վերադասավորումներում:
Ա. Գրիգորյան