Ի՞նչ է, մենք տառակա՞ն ենք, որ բանկայի մեջ դնեն ու վերեւից նայեն. Լեւոն Զուրաբյան
PoliticsOrer.am-ը շարունակում է հետաքրքրվել, թե «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցներն արդյոք կընդունե՞ն քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ ՀՀ-ի մարզերով շրջելու եւ ռեալիթի շոուի շրջանակում քարոզչություն իրականացնելու առաջարկը: Այս անգամ զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հետ, ով նշեց, որ տվյալ ծրագիրն իրենք համարում են ծուղակ՝ պատրաստված իշխանության կողմից: «Մենք դա համարում ենք իշխանության ծրագիր, որի շնորհիվ նրանք փորձելու են իրենց վատ գործակալներին հանդիպումների բերել, այնպես որ, մենք դա անհեթեթություն ենք համարում: Պետք է նշեմ, որ մենք ունենք մեր հնարավորությունները եւ պարզ խոսում ենք մեր ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք մասնակցել «այո» եւ «ոչ»-ի վերաբերյալ դեբատների, որտեղ կպահպանվի հավասարության սկզբունքը»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե որն է ընդդիմության համար «հավասարության սկզբունք» կոչվածը, պատգամավորը մանրամասնեց, որ աշխարհի դեմոկրատական որեւէ երկրում նման ռեալիթի շոու չկա, որովհետեւ կան դեմոկրատական դեբատի շատ հստակ ընթացակարգեր: «Նախ՝ վարողը պետք է լինի չեզոք, պետք է տրվի հավասար ժամանակ մասնակից կողմերին, լսարանի հրավիրման հարցում եւս կողմերը պետք է ունենան հավասար հնարավորություններ: Հիմա բոլոր այդ կետերը խախտվել են, օրինակ՝ Հանրային հեռուսատատեսությունում բացվել է հաղորդում, որի վարողը Արմեն Աշոտյանն է, սա արդեն ծաղր է: Այսքանից պարզ է դառնում, թե ինչ են անում իշխանությունները եւ ինչ են նրանք պատկերացնում ռեալիթի-շոու ասելով: Ի՞նչ է, մենք տառակա՞ն ենք, որ բանկայի մեջ դնեն ու վերեւից նայեն»,- նշեց Լ. Զուրաբյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանն էլ իր հերթին հավանություն տվեց առաջարկին՝ ասելով. «Այսօր ամեն մեկն իր քարոզարշավն է իրականացնում, ամեն մեկն իր գործն է անում: Հանրաքվեին մասնակցելու ամենանորմալ ձեւն ագիտացիան ու պրոպագանդան է: Ինձ թվում է՝ «այո»-ի հանրաքվեն ամենաարդարն ու թափանցիկն է լինելու, որովհետեւ երբ միացնում եմ հեռուստացույցը ընդդիմության ներկայացուցիչները մշտապես ելույթ են ունենում, դեբատների են մասնակցում եւ այլն: Մենք մեր գործն անում ենք, ես էլ իմ մասնակցությունն եմ ունենում, այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ թիմային աշխատանքը կարեւոր է»:
Սոսե Չանդոյան