Անհայտ պայմաններում ադրբեջանական գերության մեջ հայտնված կինը նամակ չի փոխանցել իր հարազատներին
SocietyՆոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տանից դուրս եկած և Ադրբեջանի Ղազախի շրջանում հայտնված Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանի անհետանալու մասին տեղեկությունը շատ արագ տարածվեց մամուլում: Կնոջ անհետացման մասին լուրին անմիջապես հաջորդեց Ադրբեջանի ՊՆ տեղեկությունն այն մասին, որ նա հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում:
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայկական ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ նոյեմբերի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը և իրենց մանդատի շրջանակներում հնարավորություն են ունեցել գնահատելու ՀՀ քաղաքացու պահման պայմանները, ինչպես նաև հակառակորդի վերաբերմունքը նրա նկատմամբ: Ինչպես միշտ, Կարմիր խաչը լռում է գերության մեջ հայտնված կնոջ նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած վերաբերմունքի կամ ադրբեջանական գերության մեջ հայտնված կնոջ պահման վայրի մասին՝ համարելով, որ նման տեղեկությունը միայն իր սեփականությունն է:
Orer.am-ը փորձեց կապ հաստատել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատուի հետ՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, սակայն Զառա Ամատունին կա´մ տեղում չէր, կա´մ էլ հեռախոսը չէր պատասխանում:
Լուսիկ Աբովյանի մասին տեղեկություն ստանալու համար Orer.am-ը զրուցեց Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ տարեց կնոջ ամուսինն իրեն տեղեկացրել է, որ կինը նախկինում հիշողության հետ կապված կամ առողջական այլ խնդիրներ չի ունեցել և թե ինչպես է հայտնվել այնտեղ, դժվարանում է հասկանալ: Բացի այդ՝ գյուղապետի խոսքով՝ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լուսիկ Աբովյանը որևէ նամակ չի փոխանցել իր հարազատներին: «Կարմի խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչները երևանյան գրասենյակի միջոցով Լ. Աբովյանի հարազատներին փոխանցել են, որ նա ողջ և առողջ է: Կարմիր խաչի երևանյան գրասենյակից գերության մեջ հայտնված կնոջ հարազատներին հայտնել են, որ ներկայում աշխատանքներ են տարվում նրան հետ վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց գյուղապետը:
Ֆ. Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ Լուսիկ Աբովյանն ապրում էր իր ամուսնու հետ: Ամուսինները չորս երեխա ունեն՝ երկու տղա, երկու աղջիկ, որոնցից միայն մեկն է ապրում նույն գյուղում, իսկ մնացած երեխաներն ապրում են տարբեր վայրերում:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Կոթիի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետ չի վերադարձել:
Ա.Գ.