Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել. Լևոն Ազրոյանը ներկայացրեց իր նոր գիրքը
Society«Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» սկզբունքի ներքո լույս է տեսել լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության երկարամյա աշխատակից Լևոն Ազրոյանի «Они ковали победу» («Նրանք կոփել են հաղթանակը») գիրքը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված ժողովածուն նվիրվում է այն բոլոր հերոսների հիշատակին, ովքեր ընկել են Մեծ հաղթանակի ճանապարհին:
«Ռազմական թեման ինձ համար հարազատ է, միշտ սիրել եմ: «Արմենպրես»-ում աշխատելու տարիներին լուսաբանել եմ զորավարժությունները, հանդիպումները վետերանների հետ: Ես մանկուց երազել եմ զինվորական բժիշկ դառնալ, բայց չի հաջողվել: Գրքերիցս մեկի մեջ հեգնանքով գրել եմ, թե ինչու չդարձա:
Իմ ավագ եղբայրը 1945 թվականի փետրվարի 28-ին` իր ծննդյան 20-ամյակի օրը, զոհվել է: 17 տարեկանը նոր էր լրացել` փախել էր ռազմաճակատ, ասելով, որ 18,5 տարեկան է: Կռվեց. պատերազմի ավարտին մնացել էր 41 օր, զոհվեց»,- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացված գրքի շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Ազրոյանը:
Նրա խոսքով` գրքի մեջ զետեղված են ակնարկներ, որ ինքը գրել է տարբեր տարիներին:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շնորհանդեսի ընթացքում շեշտեց, որ Լևոն Ազրոյանի գրիչը, տաղանդը և աշխատասիրությունը զինվորի մաքառման օրինակ են:
«Լևոն Ազրոյանը խոստովանում է, որ ցանկանում էր ռազմական բժիշկ դառնալ: Ռազմական բժիշկի առաքելությունն ամենածանր է, պատերազմի ողջ սարսափը և հաղթանակի բերկրանքը նա իր միջով է անցկացնում: Գիրքը գրված է լրագրողի հարուստ լեզվով, վավերագրողի ճշգրտությամբ, բժշկի մարդասիրությամբ»,-նշեց Արամ Անանյանը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի խոսքով` գրքում կարդում ենք կենսագրություններ, որոնք շատ օրինակելի են:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ պարոն Ազրոյանը վերադարձել է «Արմենպրես»-ի ընտանիք: Երբ մենք հաղթանակի մասին շարք էինք անում, մեր անփոխարինելի խորհրդատուն նա էր: Ամենաքիչը, որ կարող ենք անել մեր շնորհակալությունը հայտնելն է»,-նշեց նա` հավելելով, որ մեր հաղթանակները մենք պետք է կոփենք միայն խաղաղ պայմաններում:
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը կարևորեց գրքի լույսընծայումը:
«Ինչպես Լևոն Ազրոյանն է գրքի նախաբանում ասում` իր համար հիմա է հասկանալի դառնում, թե ինչ է նշանակում արցունքն աչքերին հաղթանակը դիմավորելը, հոր կենացը հաղթանակի օրը, երբ նա ասում էր` խմենք նրանց համար, ովքեր մնացին 20 տարեկան, որովհետև Ազրոյան ընտանիքն ուներ իր անձնական դժբախտությունը. Ազրոյանի ավագ եղբայրը հաղթանակից 40 օր առաջ չտեսավ հաղթանակը: Չկա մի ընտանիք, որ այդ պատերազմում կորուստ ունեցել»,-նշեց նա:
Հասմիկ Կարապետյանի խոսքով` Լևոն Ազրոյանի գրքի մեջ մտահոգությունն է վաղվա օրվա նկատմամբ:
«Այսպիսի հուշագրություններով մենք մեկ անգամ ևս փակում ենք ահաբեկչության, թշնամու ճանապարհը, փորձում ենք մի բուռ Հայաստանում պահել խաղաղությունը»,-հավելեց նա:
ԽՍՀՄ հայ հերոս Վաչագան Վանցյանի ծոռ Արման Աբրահամյանը գրքի շնորհանդեսի ընթացքում խոսեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:
«Պատերազմում որոշվում էր նաև հայ ազգի ճակատագիրը: Մենք մեր նախնիների արժանի իրավահաջորդներն ենք, ամեն վայրկյան պատրաստ ենք պաշտպան կանգնելու մեր երկրին: Այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, չի կարող իր ապագան կառուցել: Այդ իսկ պատճառով շատ կարևոր են հերոսների մասին գրքերը, որոնց հիման վրա դաստիարակվում է երիտասարդությունը: Ես խորապես երախտապարտ եմ պարոն Ազրոյանին»,-նշեց նա:
Գիրքը հրատարակվել է Երևանում 2015 թվականին: Այն լույս է տեսել «ՎՄՎ Պրինտ»-ում: Խմբագիրն է Աիդա Հարությունյանը:
Լևոն Ազրոյանը ծնվել է Թբիլիսիում` գրող, հրապարակախոս Կորյուն Ազրոյանի ընտանիքում: Ուսումը շարունակել է Պուշկինի անվան մանկավարժականինստիտուտի պատմաբանական ֆակուլտետում: Աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում: 1966թ. տեղափոխվել է Հայաստան ևաշխատանքի անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում (ներկայումս` «Արմենպրես»):