Աչքները վախեցածների լեզուն մի քիչ կարճ է լինում. Գալուստ Սահակյան
InterviewԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մասին եւ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ժողովուրդը կարծես պասիվություն է ցուցաբերում կառավարման մոդելի փոփոխման հետ կապված՝ նշեց. «Երբեմն-երբեմն ասում են, որ ժողովուրդը տեղյակ չէ սահմանադրական փոփոխություններից, այնպես են խոսում իբր 2005 թվականից գոյություն ունեցող Սահմանադրությունն ամեն օր դրած կարդում են: Ես չեմ կարծում, որ պասիվության հարց կա»,- ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով ռեալիթի շոուին, որն անց է կացվում ՀՀ-ի հյուսիսային եւ հարավային հատվածներում. «Ռեալիթի շոուն ավելի է ակտիվացնում մարդկանց՝ նրանց ուշադրությունը հրավիրելով սահմանադրական փոփոխությունների վրա»:
Պատասխանելով Orer.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահը ընդդիմության կողմից բարձրաձայնվող այն խնդրին, որ ԱՅՈ-ներ ապահովելու համար իշխանականները անցել են վարչական լծակների գործադրմանը, Գալուստ Սահակյանն ասաց. «Իսկ ի՞նչ պետք է անեն: Նոր հարթակ գոյություն չունի, կրկնվում է 90-ականների խնդիրը. իշխանությունները իրենց լծակները գործի են դրել: Իշխանության ներկայացուցիչները նույն քաղաքացիներն են, ինչպես բոլորդ: Ցանկացած քաղաքական ուժ ինչ կարողություն ունի, դրանով էլ հանդես է գալիս: Հիմա ի՞նչ, ընտրություններից զրկենք նրանց, ովքեր պետական պաշտոնների են: Իհարկե, ոչ: Դուք էլ մտածում եք, որ այսօր այն ժամանակն է, օրինակ՝ 95-ականները, կամ դրանից առաջ ժամանակները, որ որեւէ ուսուցիչ կամ տնօրեն պետք է խաբնվի ու ասի՝ գիտե՞ք, ես ձեր կողմից եմ, քանի որ ինձ ստիպեցիք եւ ես գնալու եմ ու Այո ասեմ: Այդպես չէ: Դա տարիներ առաջվա սցենար է: Ընդդիմադիրները ոչ միայն նման բաներ են ասում, այլեւ ասում են, որ ժողովո՛ւրդ, խոսք ես տվել կգնաս ու ոչ կասես, որովհետեւ ընտրատեղամասում նկարահանող սարքեր կան: Նույն սցենարն են կրկնում, ինչ ժամանակին: Իրականում խնդիրը հետեւյալն է՝ ընդդիմությունը կամ պետք է կարողանա կոնստրուկտիվ ձեւով մասնակցել քննարկումներին, կամ հոխորտոցներ պետք է ապահովի ընտրության օրը: Ասեմ, որ ողջ հանձնաժողովի կազմում ունենք մեկ դիմությունուն, եւ դա Հանրապետականն է, իսկ մյուս ուժերը կարող են երեք վստահված անձ ունենալ, լինելու են նաեւ դիտորդներ: Այսքանն հանդերձ՝ ընդդիմությունը կրկին ասում է՝ միեւնույնն է մի բան անելու եք»,-ասաց Գ. Սահակյանը:
Մեր այն հակադարձմանը, թե միգուցե ընդդիմության աչքն է վախեցած, որ նման հայտարարություններ է անում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Աչքները վախեցածների լեզուն մի քիչ կարճ է լինում»:
Սոսե Չանդոյան