Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները շարունակում են ապաքինվել, իսկ վթարի պատճառը փոխվել է
SocietyՀայաստանի Առողջապահության նախարարության լրատվականից Orer.am-ին տեղեկացրեցին, որ շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա - Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների բուժումը:
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն դեռ քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը: Իսկ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող մյուս հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:
Նշենք, որ Տուլայի մարզի դատախազ Ալեքսանդր Կոզլովը օրերս հայտարարել էր, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած է դիտարկվում արագության գերազանցումը։ Նրա տեղեկացմամբ վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը և 70 կմ/ժ-ի փոխարեն ընթացել է 117 կմ/ժ արագությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սավենկոն հայտարարել էր, որ Մոսկվա - Երևան ավտոբուսը շրջվել է ղեկին վարորդի քնելու հետևանքով։
Ա.Գ.