Ձյաձ Գալուստ, 100 դրամ կտա՞ս տուն գնամ կամ Գալուստի խոստովանությունը
PoliticsԻնձ միշտ հիացրել են մեր Ազգային ժողովի նախագահի կտրուկ և դիպուկ դիտարկումները տարբեր հարցերի շուրջ: Հիրավի, հասուն մանկավարժի և փորձառու քերթողի տեսակետներ են: Այդ մտքերում հատկապես գրավում է մարդու անմիջականությունը և ազնվությունը, որոնք նա շարադրում է իրեն այնքան բնորոշ մանկական միամտությամբ: Եթե Կոնֆուցիոսը ապրեր մեր օրերում, ապա նրան պետք չէին գա բազմաթիվ փորձեր առ այն, թե ինչպես վերգտներ իր մանկությունը, իսկ ահա Պարոնյանը. <<Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը…>>:
Ինչևէ, գանք բուն թեմային, որի պատճառն հանդիսացավ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի համեմատությունը` Դանիայի և Հայաստանի ծառայողական մեքենաների վերաբերյալ: Այս համեմատության վերաբերյալ չկարողացավ իր խոհեմ կարծիքը զսպել Գալուստ Գրիգորիչը: Եվ խոսեց այնպես, ինչպես գրված է հին գրքում. «Իհարկե, չարախոսությունը կարող է դրական հետեւանքներ ունենալ, բայց եթե Հայաստանի ԱԺ-ն համեմատում եք Դանիայի խորհրդարանի հետ, ապա մեր խորհրդարանը ծիծաղելի իրավիճակում կհայտնվի»: Փորձենք վերլուծել լավ թվագրված ծավալուն մտքի առաջին հատվածը: Իհարկե, Գրիգորիչը ճիշտ է, երբ ասում է, որ համեմատության դեպքում ՀՀ ԱԺ-ն կհայտնվի ծիծաղելի վիճակում: Դանիայի պառլամենտի բակում ամեն օր զբոսնում են բազմաթիվ դպրոցականներ և հաստ վզով ձյաձաները նրանց չեն վախեցնում, այդ պառլամենտում կար մոտ ութ թանգարան կամ ցուցասրահ, ու մարդիկ գեղագիտական հաճույք էին ստանում այդտեղ հայտնվելիս, ՀՀ ԱԺ-ում ի՞նչ նայեն, մականունավորների շարքին, թե՞… այդ շարքը թերևս բանահավաքչությամբ զբաղվողներին կհետաքրքրի: Պառլամենտի նիստերից մեկի ժամանակ, Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը հատիկ-հատիկ հաշվետվություն էր ներկայացնում, թե ի՞նչ են արել բյուջի միջոցները, իսկ Հայաստանում… սա էլ թողնենք ընթերցողին:
Հաջորդ դարակազմիկ միտքը. «Բայց եթե այդ մեքենաները չլինեն՝ հավատացնում եմ ձեզ, որ ծախսերը մի քանի անգամ կշատանային, քան այս դեպքում»: Այսի՞նքն, գալու են ասեն ձյաձ Գալուստ, 100 դրամ կտաս տուն գնա՞մ: Դա՞ ի նկատի ունի ԱԺ նախագահը, թե այն, որ ԱԺ ծախսերում հատուկ տող է ավելանալու, տաքսու գումար տրամադրել այսինչ պատգամավորի աղջկան տաքսով դասի գնալու, հետո վարսահարդարման սրահ, հետո փարթի, այնինչի կնոջը` տաքսու գումար գնումների գնալու համար և այլն, վերջում էլ այդ կանայք ու աղջիկները տաքսու վարորդների հետ գործարքի են մտնելու՝ ավել ՀԴՄ տպելու հարցում, որ մեջը մի երկու կոպեկ քյաֆեն նոր պենուարների համար:
Եվ այս շարքի վերջին դարակազմիկ միտքը. «Իհարկե, ես էլ շատ կուզենայի այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք, որ անվտանգության աշխատակիցներ չսպասարկեին, բայց յուրաքանչյուր պետություն իր խնդիրները լուծում է այնպես, ինչպես հնարավոր է սուղ պայմաններում առաջ գնալ»: Էհ, փաստորեն ողորմած հոգի ընկեր Վահանի միտքն առ այն, որ ամեն դալանում ծեծ կուտեիք, ակամա ընդունում ե՞նք: Կամ ոնց ենք պատկերացնում մեր ազգընտիր-հատընտիրներից շատերին հեծանիվի վրա: Այ դա արդեն երգիծական մանրապատումների մի լավ թեմա կդառնար:
Ինչևէ, սույն խոստովանությամբ Գալուստ Գրիգորիչն ընդունեց, որ ինքը մի ծիծաղելի կառույցի ղեկավար է, հասարակությունն այնքան է զզված և ատելությամբ լեցուն, որ ցանկացած պահի առանց թիկնազորի հանդիպելու դեպքում կարող է այդ հատընտիրներից շատերի գլուխը ջարդել: Այստեղ մնում էր, որ երեսփոխանաց առաջնորդն ասեր. «Մի թուղթ ինձ տվեք՝ աշխատանքից ազատվելու դիմում գրեմ, մի թուղթ էլ նրան, ում հետ որ բլոտ էի խաղում»:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան