Ի՞նչ կապ ունի ծանր հանցագործություններ ծրագրող հանցավոր խումբը քաղաքական ուժերից մեկի հետ
SocietyՄինչ ԱԱԾ-ն Նորք-Մարաշում հայտնաբերված և զինաթափված ահաբեկչական խմբի մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածեր, մամուլում սկսվեցին տեղեկություններ շրջանառվել, թե ահաբեկչական խմբում սփյուռքահայեր են եղել, որոնք առնչություն են ունեցել գործող քաղաքական ուժերից մեկի հետ։
Orer.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից փորձեց պարզել այս լուրի իսկությունը, սակայն ծառայությունից հայտնեցին, որ նման տեղեկություն իրենք այս պահին չունեն, իսկ զինաթափված ահաբեկչական խմբի մասին լրացուցիչ տեղեկություններ ծառայությունը պարբերաբար կտարածի: «Այս պահին կարող եմ ասել միայն, որ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր պաշտոնական հաղորդագրություններին»,- ասաց մամուլի ծառայության աշխատակիցը: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Այլ մանրամասներ այս պահին նրա մասին չկա ու չի բացառվում, որ Ա. Վարդանյան անվամբ անձը ծանոթ եղած լինի այս կամ այն կուսակցության անդամներից որևէ մեկի կամ մի քանիսի հետ:
Որքանո՞վ է ողջամիտ հանցավոր նկրտումներ ունեցող մարդուն ներկա պահին այս կամ այն քաղաքական ուժի հետ կապելը: Նույն տրամաբանությամբ, չի բացառվում որ ձերբակալված անձինք Հայաստանի մարզերում և Երևանում բարեկամներ, ազգականներ ու ծանոթներ նույնպես ունեցած լինեն, ովքեր կրկին քաղաքական այս կամ այն կուսակցության անդամ լինեն: Ինչ վերաբերում է սենսացիաներ հրահրելուն և ժամանակից շուտ եզրակացություններ անելուն, ապա նշենք, որ ավելորդ խուճապն ու բամբասանքը որևէ կերպով չեն կարող օգնել նման ահաբեկչական խմբի հետ հանցավոր համաձայնության եկած այլ անձանց բացահայտման գործին, իսկ ստեղծված իրավիճակում այս կամ այն կուսակցության հասցեին ցեխ շպրտելով դիվիդենտեր շահելը բավականին ծիծաղելի զբաղմունք է, ուստի լավ կլինի ձվի մեջ մազ ման գալու փոխարեն ավելի լուրջ գործերով զբաղվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական («Ալֆա») վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:
Ա. Գրիգորյան