Բանկի իրավաբանին սպանելու մեջ կասկածվողը դեռևս չի հայտնաբերվել
SocietyՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է նոյեմբերի 24-ի երեկոյան Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում «Անելիք» բանկի իրավաբանական ծառայության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
Ոստիկանության կողմից տարածած տեղեկության համաձայն` հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կասկածյալը դեռևս չի հայտնաբերվել: «Սպանության մեջ կասկածվող անձը դեռևս չի հայտնաբերվել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ»,- նշեց Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ Վարդանանց փողոցում անհայտ անձը իջել է մեքենայից, կրակել Հ. Աթայանի վրա և հեռացել: Ավելի ուշ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները նշված վայրում հայտնաբերել էին 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ա. Գրիգորյան