Ինչո՞ւ պաշտոնական Բաքուն մինչ օրս հանդես չի եկել հայտարարությամբ՝ ռուս-թուրքական լարված հարաբերությունների վերաբերյալ
InterviewՏարօրինակ է, բայց փաստ, որ պաշտոնական Բաքուն մինչ օրս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի տարածել ռուս-թուրքական հարաբերությունների սրման եւ վերջին իրադարձությունների վերաբերյալ: Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
-Պարոն Համբարյան, ինչի՞ մասին է վկայում Ադրբեջանի կողմից վարվող «ձկան» քաղաքականությունը:
-Այս կարեւոր պահին Ադրբեջանի լռությունը վկայում է տվյալ պետության վախի մասին: Ադրբեջանի իշխանությունը վախենում է, որ Մոսկվան իր ողջ զայրութը կլցնի Բաքվի գլխին: Ճիշտ է, Իլհամ Ալիեւը սեփական հոտին համոզելու համար միշտ ներկայացնում է այնպես, որ Ադրբեջանն աշխարհի կենտրոնն է եւ ամեն ինչ իրենցից է կախված, սակայն երբ գալիս է ժամանակը, որ Ադրբեջանը ցույց տա, որ ինքն իրոք աշխարհի կենտրոնն է, պարզվում է, որ իրականում տվյալ պետությոնը գտնվում է աշխարհի լուսանցքում: Այս պարագայում, երբ հարցը վերաբերում է Ադրբեջանի ավագ եղբորը՝ Անկարային, պաշտոնական Բաքուն շատ տարօրինակ ձեւով լռում է, այն էլ նման դեպքում, երբ շատ հաճախ Անկարան, հաշվի առնելով իր կրտսեր եղբոր շահերը եւ հիստերիկ պահվածքը, գնացել է զիջումների՝ Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանը բացելու առումով: Թուրքիան չցանկացավ սահմանը բացել զուտ մեկ պատճառով, որ չվիրավորի պաշտոնական Բաքվին: Հիմա, երբ Անկարան խնդիրներ ունի միջազգային ասպարեզում, ավելի կոնկրետ, Ռուսաստանի հետ, պարզվում է, որ Բաքուն անգամ պաշտոնական հայտարարություն չի անում:
-Իսկ ի՞նչ է կատարվում ադրբեջանական լրատվամիջոցներում:
-Նշեմ, որ հինգերորդ, վեցերորդ կարգի քաղաքական գործիչները՝ Իլհամ Ալիեւի մտերիմները, ինչպիսիք են պատգամավոր Ագիլ Աբասովը եւ Ադրբեջանի գրողների միության քարտուղարը, հանդես են եկել տարօրինակ հայտարարություններով՝ ասելով, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Ռուսաստանից: Չկա գոնե մի քաղաքական գործիչ, ով կկանգնի ու կասի, որ կանգնած է Թուրքիայի կողքին: Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ներին, որոնք վերահսկվում են նախագահի աշխատակազմի կողմից, ապա կարող եմ ասել, որ նրանք հակառուսական հոդվածներով են լցնում լրատվական դաշտը, բայց միեւնույն ժամանակ, պաշտպանում են Ալիեւի լռությունը՝ արդեն բացահայտելով, որ Ադրբեջանը կարող է ոտքի տակ ընկնել, եթե խառնվի Մոսկվայի ու Անկարայի միջեւ տեղի ունեցող գործընթացներին: Պետք է ասեմ, որ այս իրադարձությունները շատ մեծ ակտիվությամբ քննարկվում են սոցիալական ցանցերում, մեծ պայքար է գնում ռուսական սեգմենտում: «Ռեգնում»-ի, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի էջերում «պատերազմական գործողություններ են»՝ ադրբեջանական օգտատերերը ցանկանում են պաշտպանել Թուրքիային, իսկ բանական մեծ քանակությամբ ռուս եւ հայ օգտատերեր պաշտպանում են ռուսական տեսակետները:
-Արդյո՞ք Թուրքիան դաստիարակչական ապտակ կհասցնի Ադրբեջանին, երբ ամեն ինչ խաղաղվի:
-Իմանալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի պոռթկացող բնավորությունը՝ ես կարծում եմ, որ երբ ռուս-թուրքական հարաբերությունները քիչ թե շատ կարգավորվեցին, Ադրբեջանի նախագահն անպայման կկանչվի Անկարա եւ պատասխանատվության կենթարկվի իր այս պահվածքի համար:
Սոսե Չանդոյան