Ինչպիսի ձեռնոցներն են նորաձև այս տարի (լուսանկարներ)
LifestyleԴեռևս անտիկ շրջանում մարդիկ ձեռքերը ցրտից պաշտպանելու միջոցներ էին որոնում։ Հին եգիպտացիներն, օրինակ, ձմռանը ձեռքերը կաշվով կամ կտորով փաթաթում էին և պարանով պինդ կապում։ Ով, որտեղ և ինչպես է ստեղծել առաջին ձեռնոցը՝ ոչ ոք չգիտի։ Հայտնի է միայն, որ առանձին մատներ ունեցող առաջին ձեռնոցը Թութանհամոն փարավոնի գերեզմանի շրջակայքում է հայտնաբերվել։
Մարդկանց դասակարգերի բաժանման ժամանակաշրջանում ձեռնոց կարող էին կրել միայն ընտրյալները։ Այս աքսեսուարը վկայում էր բարձր դիրք ունենալու մասին։ Եգիպտական փարավոնների տիկնայք միայն մետաքսյա ձեռնոցներ էին կրում։ Ընդ որում՝ ձեռնոց հագնելուց առաջ նրանք ձեռքերին պարտադիր յուղ և մեղր էին քսում։
Հռոմեացի բարձրաստիճան տիկնայք ձեռնոց միայն սեղան նստելիս էին հագնում։ Նրանք սպասքի պարագաներից չէին օգտվում, ուստի և ձեռնոց կրում էին ձեռքերը չաղտոտելու և մատերը չայրելու համար: Հետո ձեռնոցը դարձավ պաշտոնի խորհրդանիշ։ Օրինակ, զինվորներին ձեռնոց էին նվիրում, երբ նրանք ասպետ էին դառնում։ Դատավորը դատը միայն ձեռնոցներով էր անցկացնում։ Իսկ կանանց պարագայում ձեռնոցները առաքինության խորհրդանիշ էին։ Պատահական չէր, որ ասպետներն իրենց կանանց մի ձեռքի ձեռնոցը գոտկատեղին ամրացված պարկի մեջ էին պահում:
Այսօր այդ իրը բոլորի համար այս սեզոնի կարևորագույն աքսեսուարն է: Բարեբախտաբար դիզայներներն արդեն քանի տարի է, որ չեն մոռանում զգեստապահարանի այդ կարևորագույն իրի մասին՝ նորաձևության հետևորդներին ուրախացնելով ամենատարբեր ձևերով և գունավորումներով: Իրականում, բոլոր ձևերի ու գույների ձեռնոցներն էլ նորաձև են` երկար, կարճ, առանց մատների, մորթիով: Պետք է միայն ճիշտ համադրել և լինել տաք ու նորաձև: Orer.am-ը ներկայացնում է նորաձև ձեռնոցներ, իսկ դուք ընտրեք Ձեզ համար հարմարը և գեղեցիկը:















