Կառուցողականներն ավելի հեռատես են
AnalysisՔաղաքական կյանքը երկրում այսօրվանից ավելի աշխուժանում է նոր գործընթացների մեկնարկով: Հանրահավաքներ, երթեր, քաղաքացիական անհնազանդություն, «ռեժիմի հեռացման» պահանջներ մի կողմից, մյուս կողմից էլ հանրաքվեի արդյունքում ընտրակեղծիքների մասին հայտարարություններ, բողոքներ և այլն: Կարծես թե այս ամենը արդեն եղել է, և եղել է ոչ մեկ անգամ, այլ որոշակի պարբերականությամբ անընդհատ կրկնվում է, և զարմանալիորեն այս գործընթացները թեկուզ ոչ շատ, բայց մարդկանց որոշակի քանակ դեռ կարողանում են ներգրավվել իրենց մեջ:
Հաշվի առնելով նախորդ անգամների ելքը՝ այս անգամվա գործընթացների ելքն էլ դժվար չէ կանխագուշակել, որից հետո էլ ըստ հավանականության՝ ամեն ինչ կընթանա իր հունով, «ռեժիմի հեռացումը» կհետաձգվի որոշ ժամանակով, ընտևակեղծիքների դեմ բողոքները կմարեն մինչև հաջորդ ընտրություններ ու հաջորդ ընտրակեղծիքներ: Եվ գործընթացների յուրաքանչյուր հաջորդ փուլը կլնի արդեն նախորդից ավելի թույլ, որովհետև թեպետ նման պրոցեսներում յուրաքանչյուր անգամ ներգրավվում են որոշ քանակությամբ նոր մարդկանց, սակայն ավելի մեծ քանակությամբ մարդ են կորցնում նախկինում ներգրավվածներից:
Այս ամենը վերաբերվում է ռադիկալ ընդդիմությանը, իսկ օրինակ ընդդիմության մյուս հատվածը, որոնք գործում են «կառուցողական», «ինստիտուցիոնալ» ֆորմատի մեջ, լիովին այլ իրավիճակում է և այլ մարտավարություն է որդեգրել. նրանք ընդհանրապես չեն մասնակցում ներկայումս ծավալվող գործընթացներին, չեն մասնակցում «Այո/Ոչ»-ին, հավանաբար չեն էլ աղաղակի ընտրակեղծիքների մասին, ոչ էլ ռեժիմին անհապաղ հեռացնելու կոչեր կանեն, որովհետև ըստ իս՝ նրանք ավելի հեռատես են, քան ռադիկալները:
Ընդդիմության այս տեսակը ներկայումս չի վատնում իր ուժերը և ձգտում է չվարկաբեկվել արժեզրկված պրոցեսներին մասնակցելով: Դրա փոխարեն նրանք գերադասում են պատրաստվել 2017-ի խորհրդարանական ընտրություններին և հասնել հաջողության:
Նման մարտավարությամբ, ես կարծում եմ, որ կառուցողական ընդդիմադիրներն անհամեմատ ավելի մեծ շանսեր կունենան ապագա խորհրդարանում շատ տեղեր զբաղեցնելու և այդպիսով երկրի ղեկավարման հարցում նշանակալի դեր ստանձնելու, քան ռադիկալները, որոնց դեպքում՝ ամեն ինչ կմնա նույնը:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան