10 բան, որոնք նյարդայնացնում են գրասենյակային աշխատակիցներին
LifestyleՑանկացած գրասենյակ այնպիսի վայր է, որտեղ հավաքվում ու միասին աշխատում են միանգամայն տարբեր սովորությունների, բնավորությունների, աշխարհայացքի, «լավի» և «վատի» վերաբերյալ իրենց պատկերացումների տեր մարդիկ։
Ուստի՝ բնական է, որ նման միջավայրում վեճերը, կռիվներն ու տհաճ միջադեպերը սովորական բնույթ են կրում, գրում է elle.ru-ն։
Ամսագիրը ներկայացրել է 10 բան, որոնք նյարդայնացնում են բոլոր գրասենյակային աշխատողներին ու հաճախ դառնում են վեճերի պատճառ.
Բարձրաձայն խոսակցություններ
Ցանկացած կոլեկտիվում կան մարդիկ, որոնք սիրում են բարձրաձայն խոսել ու քննարկել ընտանիքը, երեխաներին, եղանակը, քաղաքականությունը և նմանատիպ այլ թեմաներ, որոնք որևէ կապ չունեն աշխատանքի հետ: Նման պայմաններում, իհարկե, գրեթե անհնար է կենտրոնանալ աշխատանքի վրա:
Տհաճ հոտերը
Բնականոն աշխատանքային գործընթացին կարող են խանգարել ինչպես անձնական հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով առաջացած տհաճ հոտերը, այնպես էլ` օծանելիքի չարաշահումը: Բացի այդ, աշխատողների համար կարող է տհաճ լինել այն հանգամանքը, որ նրանց կոլեկտիվից ինչ որ մեկը սնվում է աշխատասեղանի մոտ` ուտելիքի ոչ ցանկալի հոտը տարածելով իր շուրջ։
Անձնական տարածության խախտումը
Սովորություն ունեցեք գործընկերոջ անձնական սեղանի մոտ շատ երկար չմնալ կամ էլ անընդհատ չկանգնել նրա մեջքի հետևում ու խոսել: Բացի այդ, չի կարելի ուրիշի սեղանից առանց հարցնելու իրեր վերցնել կամ սեփական աղբը գցել ուրիշի աղբամանի մեջ։
Աղմուկը
Մատներով սեղանին թխկթխկացնելը, թուղթ ճմռթելը կամ թեյը գդալով բարձրաձայն խառնելը պակաս չեն ազդում աշխատողների նյարդերի վրա, քան հարևանի տանը միացրած էլեկտրական գործիքը:
Բջջային հեռախոսի բարձր ձայնը
Մարդկանց դուր չի գալիս նաև աշխատանքի ժամանակ բարձր ռինգտոնով զանգող հեռախոսը։ Բացի այդ, նյարդայնացնում են այն մարդիկ, ովքեր իրենց հեռախոսը թողնում են գրասենյակում ու դուրս գալիս: Դրա հետևանքով աշխատողները ստիպված են լինում պարբերաբար լսել նրա բջջայինի զանգը:
Խառնաշփոթ սեղանի վրա
Թափթփված ու փնթի սեղանը ոչ միայն տհաճ է օտարների աչքի համար, այլև վկայում է դրա տիրոջ ակնհայտ թերությունների մասին:
Ես մրսում եմ
Սովորաբար մարդիկ բաժանվում են 2 խմբի` նրանք, ովքեր ամռանը շոգում են, և նրանք, ում վրա ամռանը քամի է փչում: Արդյունքում ողջ գրասենյակը «շնչահեղձ» է լինում շոգ սենյակում, քանի որ նրանցից մեկի ուղղությամբ «քամի է փչում»։
Ընդհանուր սառնարանից «գողությունը»
Ցանկացած գրասենյակում կգտնվեն աշխատողներ, որոնք սովորություն ունեն սառնարանից վերցնել գործընկերների ուտելիքներից ինչ-որ բաներ:
Հիվանդ վիճակով աշխատանքի գալը
Շատ հաճախ աշխատողները, տարբեր պատճառներով անտեսելով առողջական վատ վիճակը, շարունակում են գրասենյակ գալ, որտեղ բոլորին նյարդայնացնում են իրենց անդադար հազով և փռշտոցներով:
Գրավոր նկատողությունները
Գործընկերներին կպչուն թղթերի վրա գրավոր նկատողություններ թողնելը ոչ միայն տհաճ երևույթ է, այլև վկայում է «հեղինակի» վախկոտության մասին։