Ինչպես ունենալ հաստ և առողջ շրթունքներ
LifestyleOrer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի միջոց, որոնց օգնությամբ Ձեր շրթուքները միշտ առողջ և գեղեցիկ տեսք կունենան:
Տարբեր դարաշրջաններում գեղեցիկ շրթունքների մասին իդեալը եղել է տարբեր: Մեր ժամանակը պահանջում է, որպեսզի շրթունքները լինեն ընդգծված, ոչ այնքան բարակ, քնքուշ, նուրբ, բնական վարդագույն երանգով: Դրան կարելի է հասնել կանոնավոր խնամքի միջոցով:
Առաջին հերթին անհրաժեսշտ է ապահովել շրթունքների արյան լավ շրջանառությունը առավոտյան և երեկոյան ատամի խոզանակով կամ խավավոր սրբիչի միջոցով: Մերսումից հետո շրթունքներին պետք է քսել ճարպոտ կրեմ և թողնել 10 րոպե:

Հին և փորձված միջոց է շրթունքներին մեղր քսելը` այդ պահին խուսափելով դրանց խոնավեցումից: 15-20 րոպեից հետո կարելի է շրթունքները լվանալ և քսել կրեմ: Մի մոռացեք շրթունքները նուրբ և քնքուշ դարձնող հիանալի միջոցի` վարունգի հյութի մասին: Դա պետք է օրը մի քանի անգամ քսել շրթունքներին` թողնելով, որ այն լրիվ ներծծվի:
Ցուրտ և քամոտ եղանակին անհրաժեշտ է շրթունքները պահպանել թեփոտվելուց և ճաքճքվելուց: Դրա համար դուրս գալուց առաջ շրթունքներին պետք է քսել ճարպոտ կրեմ, ապա` թեթևակի դիմափոշի և դրանից հետո` շրթներկ:

Շրթունքների լորձաթաղանթի մանր թեփոտված մասերը չպետք է միջամտությամբ հեռացնել` ոչ ատամներով, ոչ ձեռքերով, քանի որ առաջանում են միկրոսկոպիկ մանր վերքեր, որոնք կարող են վարակի բուն դառնալ: Շրթունքներին պետք է առատորեն քսել ճարպոտ կրեմ և մերսել` ատամներով մեկը մյուսին սեղմելով և շարժելով առաջ ու հետ:
Ճաքած շրթունքներն ամենից հաճախ դրանք լիզելու տգեղ սովորության հետևանք են: Պետք է ցերեկը շրթունքներին ճարպոտ կրեմ քսել, իսկ երեկոյան` ցինկաքսուք` թողնելով այն ամբողջ գիշերը: Որոշ ժամանակ շրթներկ չօգտագործել:
Լիանա Կարապետյան