Ի՞նչ կապ ունի իմ «Այո»-ն գյումրեցիների «Ոչ»-ի հետ. գյումրեցի պատգամավոր
InterviewԻշխանության համար Գյումրիում գրանցված խայտառակ արդունքների հետ կապված Orer.am-ը զրուցեց գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
-Ինչպե՞ս ստացվեց, որ դուք, Գյումրու ներկայիս, ինչպես նաեւ նախկին քաղաքապետերը, կողմ լինելով սահմանադրական փոփոխություններին, այնուամենայնիվ, հաղթանակ չգրանցեցին եւ չկարողացան «Այո»-ի գերակայություն ապահովվել:
-Մենք կողմ էինք, բայց ժողովուրդն իր գնահատականը տվեց, իր քվեարկությունն արեց: Ամեն դեպքում, եթե ընդհանուր տվյալներին նայում ենք, նախորդ ընտրությունների համեմատ, այս ընտրություններին «Այո»-ն ունի բավական լուրջ առաջընթաց: Ի՞նչ կապ ունի իմ «Այո»-ն գյումրեցիների «Ոչ»-ի հետ: Ո՞վ կարող է ասել, որ ես «Այո»-ի կողմնակիցն եմ բոլորը պետք է «Այո» ասեն:
-Ձեր շրջապատը «Այո» է, քվեարկե՞լ, թե՞ «Ոչ»:
-Իմ շրջապատը, որքան հնարավոր է, քվեարկել է ու մեր ընտրատարածքներում մեր հնարավորության սահմաններում գրանցվել են բարձր ցուցանիշներ՝ ի տարբերություն մյուս տարածքների: Իմ շրջապատի անդամները հիմնականում «Այո» են քվեարկել:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ մարդիկ «Ոչ» ասացին նոր Սահմանադրությանը:
-Դա պայմանավորված է խնդիրներով, որոնք առկա են: Այսօր ամենամեծ խնդիրների փաթեթը Գյումրիում է եւ բնականաբար այդ խնդիրները պետք է լուծվեն, դրանք 27 տարվա պատմություն ունեն: Հենց այդ խնդիրներով են պայմանավորված գրանցված արդյունքները:
-Չե՞ք կարծում, որ Գյումրին կարելի է շատ ավելի արագ տեմպերով ոտքի կանգնեցնել, օրինակ՝ բիոզուգարանների ու մոծակների դեմ պայքարի գումարները ուղղել քաղաքաշինության ու մարդկանց բնակարաններով ապահովելուն:
-Արդեն արվել է՝ 23 մլն եվրո ուղղվել է Գյումրի: Ինչ վերաբերում է անտուն մարդկանց, ապա արվել է, կարծում եմ՝ այսուհետ ավելի շատ պետք է արվի, քանի որ դա կարեւորագույն խնդիր է:
Սոսե Չանդոյան