Տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ձեռք է տալիս, որ մեր իշխանությունները վատն են
AnalysisՄեր հասարակության մի հատվածի մոտ ակնհայտորեն ադեկվատության պակաս է զգացվում: Եթե նայում ենք «Պրոկրեդիտ» բանկի վրա զինված ավազակային հարձակման և կողոպուտի վերաբերյալ լրատվական կայքերի հրապարակումների արձագանքներին սոցիալական ցանցերում, ապա դրանց վերաբերող մեկնաբանություններում շատերը պարզապես արդարացնում են հանցագործությունը, ճիշտ այնպես, ինչպես Նորք-Մարաշի զինված հանցավոր խմբին էին արդարացնում: Ու ամենակարևորը, արդարացնողներն ունեն իրենց «պատճառաբանությունը». դա այն է, որ մեր երկրում «հանցավոր իշխանություններ» են:
Հիրավի, «փայլուն» տրամաբանություն՝ եթե իշխանությունները վատն են, հանցավոր են, ուրեմն կարելի է օգտվել առիթից և բանկեր թալանել, խանութներ կողոպտել, այլ տեսակի մանր ու խոշոր հանցագործություններ անել և դա որակել որպես «հերոսություն», որովհետև մեր իշխանությունները վատն են, իշխանությունները հանցագործ են: Այսինքն, հացագործությունների (իշխանությունների ներկայացուցիչների արած) դեմ բողոքողները պատրաստ են հերոսացնել այլ հանցագործությունների հեղինակներին, իրենք հանցագործությունը նորմալ երևույթ են համարում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ են ընդհանրապես բողոքում իշխանությունների հանցագործ լինելուց, չէ՞ որ հանցագործությունը հերոսություն է, այսինքն՝ իրենց չսիրած իշխանավորնե՞րն էլ են հերոսություն անում: Ցավալի է, բայց հասարակության նշված հատվածի անադեկվատությունն իսկապես նման չափերի է հասել:
Այս տեմպերով վաղը կսկսեն արդարացնել ու հերոսացնել նաև մարդասպաններին (չնայած արդեն իսկ արդարացնելու ու հերոսացնելու փորձել եղել են)՝ ասելով, որ իշխանավորների մեջ էլ մարդասպաններ կան, միջին ու մանր մասշտաբի խաբեբաներին, կաշառակերներին ու գողերին՝ ասելով, որ իշխանավորներն էլ խաբեբաներ, կաշառակերներ ու գողեր են:
Տպավորություն է ստեղծվում, որ նման մարդկանց իրականում լավ էլ ձեռք է տալիս, որ մեր իշխանությունները վատն են, հակառակ դեպքում, եթե լավը լինեին, ինչով պետք է արդարացնեին իրենց «հերոսներին»:
Եվ նորից գալիս ենք այն եզրահանգման, որ յուրաքանչյուր հասարակություն արժանի է իր իշխանություններին, այլ կերպ ասած՝ նման մտածելակերպ ունեցող հասարակությունից հազիվ էլ նման իշխանություններ դուրս գան: Իսկ ոմանք դեռ խոսում են քաղաքացիական գիտակցությունից, «քաղաքացի» լինելուց: Քաղաքացին բանկի կողոպուտը պետք է դատապարտի, այլ ոչ թե արդարացնի:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան