Ճապոնացիներն Ամանորը դիմավորում են ավանդական կիմոնոյով. Կ. Փիլիպոսյան
LifestyleԱմանորին ընդառաջ բոլորը սկսում են հետաքրքրվել, թե եկող տարին խորհրդանշող «կենդանին» իրենց համար ինչ անակնկալ է պատրաստել կամ հորոսկապի իրենց նշանի համար տարին ինչպիսին կլինի: Հորոսկոպներ ունեցել են շատ այլ ազգեր նույնպես, բայց աշխարհին ավելի հայտնի են դարձել չինական և ճապոնական հորոսկոպները: Սա այն ամենն է, ինչի մասին մարդիկ գիտեն ավանդապաշտ այս երկու ազգերի՝ չինացիների և ճապոնացիների մասին, սակայն այդ երկրների ամանորյա տոնական ավանդույթների մասին այնքան էլ չեն հետաքրքրվում:
«Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը Orer. am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ճապոնիայում Ամանորը նշում են միայն հունվարի 1-ին ու թեև Ճապոնիայի մեծ քաղաքներում և մեգապոլիսներում Ամանորի հետ կապված ավանդույթները հիմնականում չեն պահպանվել, բայց գյուղերում դրանք դեռևս շարունակում են տեղի բնակիչների ուղեկիցը լինել: Ինչպես մեզ մոտ, Ճապոնիայում նույնպես, պահպանվել է այն ավանդույթը, որի համաձայն՝ ընտանիքի բոլոր անդամներն Ամանորի գիշերը հավաքվում են ամենատարեց անդամի տանը:
«Ամանորի ամենակարևոր ավանդույթերից է նաև այն, որ Ամանորի գիշերը մարդիկ գնում են ջուր բերելու, որը ճապոնացիների համար մաքրության և նոր սկզբի խորհուրդն ունի: Ճապոնացիների համար կարևոր է նաև, թե Նոր տարվա գիշերը ինչ երազ են տեսել, քանի որ այն համարվում է կանխատեսում եկող ողջ տարվա համար»,- ասում է Կ. Փիլիպոսյանը:
Ճապոնացիները որպես ամանորյա հատուկ ուտեստ թխում են մոտի կոչվող հացը: Այն պատրաստվում է բրնձից: Մոտի հացի հումքը պատրաստում են ցեղի տղամարդիկ: Բրինձը հատուկ ամանների մեջ ծեծում են, ապա հարում, որից հետո ստացված զանգվածին ավելացնում են համեմունքներ և թխում: Ամանորյա սեղանը ճապոնացիները զարդարում են իկեբանայով, որի վրա դնում են մոտի հացը, ձկնեղենի որևէ տեսակ, մանդարին, բամբուկի թարմ շիվեր, եղևնու ճյուղեր: «Եղևնին համարվում է բարեկեցության և ուժի խորհրդանիշ, որը, ավանդույթի համաձայն, ուղեկցում է նրանց հաջորդ տարվա ընթացքում: Կանաչ բամբուկը խորհրդանշում է տոկունություն, քանի որ ուժգին քամու ժամանակ հնդկեղեգը ճոճվում և նույնիսկ պառկում է հողի վրա, իսկ երբ քամին դադարում է, կրկին նախկին դիրքն է ընդունում»,- ասում է «Հիկարի» կենտրոնի ղեկավարը:
Նրա տեղեկացմամբ՝ Ամանորի գիշերը ճապոնացինեը պարանով կապված հնդկեղեգի և եղևնու ճյուղերով զարդարում էին նաև տան նախամուտքը: Այն խորհրդանշում է նախորդ տարվանից դեպի նոր տարի անցման ժամանակ զտումը չար ուժերից և անհաջողություններից: Այս ավանդույթները պահպանվել են Ճապոնիայի ավանդապահ փոքրիկ քաղաքներում և գյուղերում, բայց մեծ քաղաքներում և մեգապոլիսներում այն չի պահպանվել: «Մեգապոլիսներում բնակվող ճապոնացիները Նոր տարին նշում են եվրոպացիների նման՝ դրան տրամադրելով ընդամենը 1-2 օր: Մեգապոլիսների բնակիչները Ամանորին եվրոպացիների նման տոնածառ թեև չեն զարդարում, սակայն ընտանիքի բոլոր անդամները՝ մեծից փոքր, կրում են իրենց ավանդական ազգային կիմոնոները»,-ասում է Կ. Փիլիպոսյանը:
Արմինե Գրիգորյան