Երնեկ, թե այս նոր տարին
AnalysisՀիշո՞ւմ եք սիրելի երգչի այս բառերով սկսվող երգը: Երգում խոսվում է այնպիսի իրողությունների մասին, որոնք վաղուց տիպական չեն հայաստանյան իրականության համար: Ի՞նչ ցավերի վերջ, ի՞նչ հանգստություն, ի՞նչ կենսաձև: Ավաղ, նման իրողություններն առկա են միայն երգերում: Մեր իշխանությունը կենաց ասելիս լավ են: Գիտեք, ես չէ, որ պետք է այդ մասին բարձրաձայնեմ: Իսկ ինչո՞ւ հիշեցինք Հախվերդյանին:
Հիշեցինք, քանի որ նրա երազանքն այս տարի էլ չկատարվեց, այսինքն՝ չարը չկորավ ու մեր սրտերում բարին բուն չդրեց: Ինչո՞ւ: Պարզից էլ պարզ է` տարին սկսվեց բռնությամբ և կշարունակվի նույն կերպ: Այստեղ է, որ կուզեինք անդրադառնալ իշխանության կենացասածության հատկությանը: Սովորաբար կենաց ասելուց գերիշխում է այն կարծրատիպը, որ տարին ոնց սկսես, այդպես էլ կշարունակես: Իշխանությունը սկսեց բռնությամբ և շարունակելու է այդպես: Այլ կերպ չի կարող լինել, զի բռնապետությունների շարունակականության միակ խարիսխը բռնությունն է, հենց այդ բռնության ալիքը վերջանում է հասարակ քաղաքացիների նկատմամբ, սկսվում է մի յուրատեսակ բռնություն յուր թիմի ներսում, որը կոչված է կործանելու ցանկացած իշխանություն: Դասական բռնապետություններն իհարկե նման բան չեն ուզի տեսնել անգամ իրենց դժնդակ երազներում:
Անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք վերաբերվում «Նոր Հայաստան» փրկության ճակատին կամ նախաձեռնող խմբին, հարկ է փաստել, որ ցանկացած մարդ, ով իրեն անգամ չի համարում հոմո սափիենս, այլ նեանդերթալցու և հոմո էրեկտուսի արանքում ընկած ինչ-որ մի երևույթ է, պետք է դեմ լինի բռնության ցանկացած տեսակի` լինի ֆիզիկական, մտավոր, թե գաղափարական: Հասկանալի է, որ ամենայն հայոց ոստիկանության բազմաթիվ աշխատողների նման բարդ կատեգորիաները հասու չեն: Նրանք մեկ բան են կարողանում հրաշալիորեն իրացնել, որը մեր շատ պատմաազգագրական շրջաններում կոչվում է «բոզի շառ»: Անկեղծ ասած, չգիտեմ, թե ում մտքով է անցել այդ հրաշագեղ էպոսային բառը, որը բնութագրում էր մոխրագույն նապաստակին, վերագրել ոստիկանական համակարգին, բայց, մեծ հաշվով, նմանություններ կան: Դե, ի վերջո, էպոսը նաև խտացած կենսաձև է և չի կարող հասարակության մեջ չունենալ իր տարբեր դրսևորումները, թեկուզ նապաստակների տեսքով: Իհարկե, շատ ավելի լավ են անում, որ նապաստակներից վերցրել են միայն գույնի բարբառային իմաստափոխված տարբերակը, այլ ոչ թե բազմանալու հատկությունը, այլապես չէինք կարողանա պատկերացնել մեր հետագա վիճակը: Ինչևէ, այն ալիքը, որը սկիզբ առավ այս տարի ու շարունակվում է անցյալ տարվա շինծու դատավարությունների licencia stupri-ներ (մեղքի թույլտվություն) բաժանելով իշխանական հատվածին սպասարկող քաղաքացիներին, շարունակվելու է ողջ տարվա ընթացքում և ընդհանրապես հետայսու ավելի է խորանալու: Հուսալ բարեգթություն իշխանությունից առնվազն մանկամտություն է: Իշխանությունը առայժմ մեկ իրողության է ունակ` հայհոյեք միայն սոցկայքերում, հենց դուրս եկաք փողոց, իմ «հարազատ թշնամին եք»: Ի՞նչ լավ սերիալային վերնագրեր է հորինում «դասականը», մարդ քիչ է մնում մտավոր էքստազի մեջ հայտնվի:
Տարին սկսվեց այսպես ու կշարունակվի: Գյուտեր անել պետք չէ, որ այս պարզ տրամաբանությունը հասկանանք ու շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս խունտան վերաարտադրվում է:
Հ. Գ. Licencia stupri-ն Հին Հռոմում տրվում էր մարմնավաճառությամբ զբաղվողներին, որոնց կոշիկների մեկը պետք է կարմիր լիներ, մյուսը` դեղին, որպեսզի հասարակությունը կարողանար տարբերել այդ տեսակին: Գունային գամմայի նմանություններ չեք տեսնում:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան