Ինչ անել գեղեցիկ և արտահայտիչ աչքեր ունենալու համար
LifestyleՓայլուն և լուսաշող աչքերը դեմքի ամենալավ զարդն են: Դրանք արտահայում են մեր զգացմունքները, մեր ապրումները, մեր հոգեկան աշխարհը: Բացի դրանից, աչքերը հիմնական անմիջական կապ ստեղծողն են արտաքին աշխարհի հետ և իրականացնում են կենտրոնական նյարդային համակարգի մշտական ազդակները: Դրանց միջոցով կարողանում ենք ընկալել լույսը, գույները և արտաքին միջավայրի հազար ու մի ներգործություն: Ահա թե ինչու անհրաժեշտ է խնամքով պահպանել բնության այդ թանկարժեք պարգևը:
Աչքերը ենթարկված են բազմաթիվ ներգործությունների` քամու, փոշու, ծխախոտի ծխի, նեոնային ուժեղ լույսի, թույլ լուսավորվածության, մասնագիտական վնասակարության և այլն: Այդպիսի ներգործությունից հետո դրանք ունենում են հոգնած տեսք, փայլն անցնում է, կոպերը կարմրում են և թեթևակիորեն ուռչում, առաջանում են կնճիռներ ու պարկիկներ, տեսողությունը թուլանում է: Այդ պատճառով դեռևս առաջին հոգնածությունը երևալիս անհրաժեշտ է ապահովել աչքերի հանգիստը և մշտական խնամքի միջոցով փորձել պահպանել դրանց լուսափայլությունը:
Գեղեցիկ և արտահայտիչ աչքեր ունենալու համար Orer.am–ը ներկայացնում է մի քանի հրաշալի, փորձված տարբերակ:
Շատ լավ թարմացնող, հանգստացնող և հակաբորբոքային ազդեցություն են թողնում երիցուկից, անանուխից, սամիթից կամ մաղադանոսից կոմպրեսները: Դեղաբույսերը լավ եփեք, քամեք և տաք եփուկի մեջ տոգորած բամբակե խծուծը դրեք փակած աչքերի վրա: Խծուծները աչքերը պետք է ծածկեն կոպերից մինչև այտոսկրերը: Ազդան ժամանակը 1-2 րոպե, որից հետո նորից պետք է բամբակի խծուծը տոգորել տաք եփուկի մեջ: Գործընթացը կրկնել 3-4 անգամ: Վերջում դնել սառը կոմպրես, մաշկը չորացնել և ապա քսել ճարպոտ կրեմ:
Արդյունավետ են ազդում նաև կաթի կոմպրեսները, որոնք հանում են բորբոքային երևույթները. անհամ կաթի մեջ տոգորած բամբակի խծուծը դրեք փակած աչքերի վրա 4–5 րոպե: Վերջում աչքերը ջրով լվացեք և չորացրեք: Ճարպոտ կրեմը քսեք աչքերի շուրջը: Աչքերի տակի պարկիկները և կոպերի թեթևակի ուռչելը կարող են լինել զանազան ներքին հիվանդությունների հետևանք: Հաճախ, սակայն, պարկիկները հայտնվում են առանց որևէ հիվանդության առկայության: Այդպիսի դեպքերում դրանք կապված են օրգանիզմի ընդհանուր հոգնածության կամ աչքերի չափից ավելի լարվածության, քնատության, տարիքային փոփոխությունների հետ և այլն:
Աչքերի համար կարելի է դիմակ պատրաստել նաև հում քերած կարտոֆիլից (2 թեյի գդալ), ցորենի ալյուրի հետ խառնած (2թեյի գդալ) և եփած անհամ կաթով (2 թեյի գդալ): Դիմակը պահել 10-15 րոպե:
Դե ինչ, այս պարզ միջոցներով ունեցեք գեղեցիկ, արտահայտիչ, փայլուն աչքեր. չէ որ այս ամենը բարդ չէ կատարել:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը