Գրիպի հետևանքով հոսպիտալացված հիվանդների ստացիոնար բուժումն անվճար է
SocietyՀՀ առողջապահության նախարարությունից Orer.am-ին տեղեկացրեցին, որ նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 14-ի՝ ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ, իսկ հունվարի 13-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 1954թ. ծնված կինը, բուժհիմնարկի տվյալներով, տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Նրա մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։
ԱՆ-ից տեղեկացնում են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր է եղել։
Ա.Գ.