Հանրապետական կլանի «մեր տղաները»
AnalysisԱվտորիտար-կլանային տիպի քաղաքական համակարգերում ցանկացած հրաժարական բերում է տարատեսակ մեկնաբանություններ և վերլուծություններ, ինչը և ներկայում կատարվում է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի շուրջ: Սա, ըստ էության, ամենասպասելի շրջադարձն էր, որը կարելի էր կանխատեսել:
Մեծ հաշվով, ոչ վաղ անցյալում ՄԻՊ-ը քննադատության էր ենթարկվում և´ ընդդիմության, և´ որքան էլ տարօրինակ է, վարչակարգի ներկայացուցիչների կողմից: Ընդդիմության քննադատության պարագայում ամեն ինչ առավել քան հասկանալի է, քանի որ ՄԻՊ պաշտոնն ընկալվում է կունյուկտուրային պոստ, որը գտնվում է վարչակարգի վերահսկողության տակ, ընդ որում, այստեղ իշխանության տեսակետը լիովին համընկնում է ընդդիմության հետ, քանի որ վարչական ապարատը ևս ՄԻՊ պաշտոնն ընկալում է որպես իր բաղկացուցիչ մասը: Սակայն և´ Կարեն Անդրեասյանի, և´ նրա նախորդների փորձը ցույց է տալիս, որ ՄԻՊ ինստիտուտը ոչ մի կերպ չի տեղավորվում ո´չ ընդդիմության, ո´չ էլ իշխանության պատկերացումներում:
Հասկանալի է, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականը, անկախ իշխանական տարբեր օղակներից հնչող արտաքուստ զարմացական արտահայտություններին, ուղղակիորեն վարչակարգի ճնշման արդյունք է: Այդ ճնշումները, բնականաբար, հենց ինստիտուտի ընկալման հետևանք են, քանի որ ապարատը չի կարողանում ընդունել, որ ՄԻՊ-ը կարող է և պետք է գործի ինքնուրույն և քաղաքական իրողություններից անկախ: Ինչ խոսք, Կարեն Անդրեասյանի նշանակումը եղել է կոնյուկտուրային, սակայն ելնելով իր պոստի առաջադրած առանձնահատկություններից՝ Անդրեասյանը դրսևորել է ինքնուրույնություն և հայտնվել վարչական ապարատի տրամաբանության սահմաններից դուրս, այսինքն՝ դադարել է նույն այդ ապարատի համար լինել «մեր տղա»:
Նման իրավիճակը վկայում է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկատարության, այլև ընդհանրապես իրավունքի՝ որպես քաղաքացիական հասարակության բնորոշիչ բաղադրիչի ոտնահարվածության մասին, քանի որ հայաստանյան տիպի վարչակարգերում իրավունքի սահմանը որոշվում է «մեր տղայության» սանդղակով, և եթե պաշտոնյան դադարում է լինել կլանի «մեր տղան», կորցնում է համակարգում պոստ զբաղեցնելու իր իրավունքը: Սա այն իրավիճակն է, որում հայտնվել են և հայտնվելու են Հայաստանի բոլոր ՄԻՊ-երը, քանի դեռ մենք գործ ունենք ավտորիտար-կլանային համակարգի գոյության հետ:
Հենց այս «մեր տղա» չլինելու մասին էին ոչ վաղ անցյալում երիտհանարպետականների հոխորտանքները, թե ՄԻՊ-ը չի համապատասխանում իր պաշտոնին, հասկանալի է, որը խոսքը գնում էր ոչ թե Կարեն Անդրեասյանի անձնական կամ մասնագիտական որակների մասին, այլ արձանագրում էր այն փաստը, որ նա այլևս վարչակարգի «մեր տղան» չէ, ուստի նման պայմաններում ընդամենը կարող ենք ասել, որ անկախ նրանից, թե ով կլինի հաջորդ ՄԻՊ-ը, նա նախևառաջ լինելու է կլանի «որդին» և արժանանալու է իր նախորդների ճակատագրին այն պահից սկսած, երբ կդադարի այդպիսին ընկալվելուց:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան