Կոշտը նստէ` քարին գուլա
AnalysisՎերտառության մեջ առկա ասույթը սովորաբար օգտագործում են այն դեպքերում, երբ ավելի ողբերգական վիճակի մեջ գտնվողն ողբում է ավելի բարվոք վիճակի մեջ գտնվողի դրությունը: Հայաստանյան արդի իրականությունն ուղիղ համեմատականն է վերոնշյալ ասույթին: Իսկ թե ինչու է դա այդպես, կիմանանք ընթացքում:
Վերջին օրերին հայկական հեռուստաեթերը և մեդիան ողողված են հարևան Ադրբեջանից եկող «տագնապալի» լուրերով: Ըստ այդ լուրերի՝ Հայաստանի տարածաշրջանային ոխերիմ հակառակորդը գահավիժում է բոլոր ոլորտներում: Գրեթե ամեն օր լսում ենք նավթի գնանկման, մանաթի արժեզրկման, բռնությունների աճի, քաղաքական բանտարկյալների սպանության, ալկոհոլի վաճառքի արգելքի, տնտեսական կոլապսի, բանակին հատկացվող միջոցների նվազման, ցույցերի և ընդվզումների մասին: Այս ամենը, իհարկե, որոշ վերապահումներով համապատասխանում է իրականությանը: Մենք էլ՝ որպես հավատարիմ հակառակորդներ, ուզենք թե չուզենք, այս ամենին անդրադառնալու ենք և դա անելու ենք հատուկ էքստատիկ չարախնդությամբ: Բնական է, ի վերջո հակառակորդ երկիր է, սակայն հետաքրքիրն այն է, որ այս գիծը հատկապես առաջ են տանում իշխանական հեռուստաալիքները (այլակարծ ալիքներ մեզանում պարզապես չկան), իշխանական մեդիան և իշխանական օգտատերերը: Հատկապես այս վերջին` նորաթուխ սուբմեդիան, բավականին արդյունավետ է գործում: Սակայն հանուն արդարության պետք է փաստենք, որ նրանցից շատերն իրենց անգրագետ քարոզի արդյունքում ժամկետից շուտ են շարքից դուրս եկել:
Վերոնշյալ բոլոր լծակներն օգտագործելով ու այդ քարոզն իրականացնելով՝ իշխանությունը լուծում է մեկ խնդիր: Կա թշնամու իմիտացիա և դա Ադրբեջանն է, ուստի հասարակական լայն շրջանակներում շատ ուրախալի և հուսադրող է դառնում այն հանգամանքը, որ թշնամու գործերն ավելի վատ են, քան մերը, իսկ սա արդեն առավելություն է: Ո՛չ, ընկերներ, երիցս ո՛չ, ինչպես կբարբաջեր Տրոցկի պապիկն իր հայտնի ելույթներից մեկում: Դա այդքան էլ այդպես չէ: Անկախ նավթի գնի անկումից, այդ երկիրը նավթ ունի ու եթե անգամ նավթի 1 բարելը դառնա 10 դոլար, հաստատ ջերմուկից ավելի էժան չի լինի, սա պարզապես, իմիջայլոց: Շատ ավելի ողբերգական է մեր վիճակը, քան հարևանի: Տնտեսական աճ այս տարի, մեղմ ասած, չի կանխատեսվում, իսկ եթե անգամ 1-2 տոկոս կանխատեսվում է, ապա դա ֆանտաստիկայի ժանրից է: Այս գլխից գիտենք, թե դա ինչպես է նկարվելու: Պետական ոլորտում աշխատող աշխատակիցների` բժիշկներ, ուսուցիչներ, քաղծառայողներ և այլն, աշխատավարձի բարձրացում վաղուց չկա, սա այն դեպքում, երբ վերջին տարիներին կա անընդհատ գնաճ:
Պետական պարտքն աճում է լույսի արագությամբ: Դրամի փոխարժեքը պահվում է արհեստականորեն, և սա բոլորը գիտեն: Մի փոքրիկ անակնկալ, և կեցցե՛ ռուբլին: Սոցիալական հուզումները մեզանում` թեկուզ քողարկված, ավելի շատ են, քան Ուգանդայում: Վերջին 10-15 տարիների կտրվածքով այս տարվա բյուջեն ամենախայտառակն էր: Հասկանալի է, որ նախորդներն էլ իրենց ինտիմ բարեմասնություններով պակաս չէին, բայց այս մեկն անցավ ցանկացած պատկերացման սահման: Բնակչության կեսից ավելին ապրում է արտերկրից, հատկապես ՌԴ-ից ստացվող գումարների հաշվին, իսկ դրանք քանի գնում, նվազում են և շարունակելու են նվազել: Այս ֆոնի վրա գործատուները դառնում են ավելի անհանդուրժող և կամաց-կամաց նմանվում են վերակացուների: Տրամաբանական է. տնտեսական վիճակի ուղիղ արտացոլումն է հասարակական մատուցման մեջ: Յուրաքանչյուր երրորդ երեխա Հայաստանում սոված կամ կիսասոված է քուն մտնում, եթե քնում է ընդհանրապես: Ու այս շարքն անընդհատ է … Այսքանից հետո լավ է հարց տանք ինքներս մեզ, թե Ադրբեջանի վիճակը ողբալու ժա՞մն է, թե՞ սեփական ողբերգություններին անդրադառնալու: Անձրևը կգա, հողից կազմված կոշտը կմաքրի, իսկ քարը կմնա:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am,վերլուծաբան