Մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանը կսկսի էլ ավելի ակտիվանալ
AnalysisFacebook սոցիալական ցանցի հայ օգտատերերից երևի շատերն են նկատել, որ վերջին օրերին ցանցում ակտիվ կերպով տարածվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2-rd.am կոչվող ոչ պաշտոնական կայքի նյութերից, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ-ում տնտեսական վիճակի և քաղաքական զարգացումների վերաբերյալ կանխատեսումներին և այդ կանխատեսումների իրականացմանը:
Թվում է, թե սովորական երևույթ է, երբ նախկին նախագահի ոչ պաշտոնական կայքը սոցիալական ցանցում տարածում է նախկին նախագահի կանխատեսումների վերաբերյալ նյութը, սակայն այս դեպքում 2-rd.am-ի հրապարակումը տարածվում ոչ թե պարզապես կայքի ֆեյբուքյան էջի կողմից ինչ-որ խմբերում, այլ նյութի տարածումն իրականացվում է վճարովի հիմունքներով՝ ֆեյսբուքյան գովազդի միջոցով: Facebook-ից օգտվողները գիտեն, որ սոցիալական ցանցում կարելի է նաև գովազդ պատվիրել և համապատասխան վճարի դիմաց անհրաժեշտ նյութը ակտիվ կերպով կտարածվի հազարավոր, տասնյակ հազարավոր օգտատերերի շրջանում: Նման բան անում են լրատվական կայքերը, որոնք այդ միջոցով ձգտում են ավելացնել իրենց ընթերցողների քանակը՝ կայքի լսարանում ներգրավելով նորանոր օգտատերերի, ինչպես նաև քաղաքական գործիչները՝ իրենց PR-ակցիաների շրջանակներում, և դա հետապնդում է զուտ քարոզչական նպատակ:
Ես չեմ կարծում, թե նախկին նախագահի ոչ պաշտոնական կայքը ֆեյսբուքյան գովազդ պատվիրելու միջոցով զուտ կայքի լսարան մեծացնելու հարց է լուծում, որովհետև խոսքը սովորական լրատվական կայքի մասին չէ, և Ռոբերտ Քոչարյանի ցանկացած համակիր այսպես թե այնպես հետևում է 2rd.am-ին: Սա ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից PR-ակցիա է, ես կասեի՝ ոչ միայն երկրորդ նախագահի պարզապես ակտիվացման նշան, այլ Քոչարյանի կողմից կոնկրետ հայտ՝ քաղաքականություն վերադառնալու համար: Եթե արդեն Քոչարյանի մտքերը Facebook-ում վճարովի հիմունքներով գովազդվում են, ուրեմն նրա մտադրություններն էլ պետք է, որ արդեն ավելի լուրջ լինեն:
Շատերին միգուցե սա մանրուք կթվա, բայց այսպիսի մանրուքներն իրականում նաև ազդանշաններ են: Կարծում եմ՝ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանը կսկսի էլ ավելի ակտիվանալ:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան