Դաշնակցության ֆենոմենը
Analysis125 տարին ծանր, չափազանց ծանր բեռ է: 125 տարվա պատմություն, անցյալ, հերոսացման, դավաճանության, սխալների ու պառակտման ոգևորության ու բանտարկության հուսախաբության ու հույս տալու բեռ: Պատմությունից չես փախչի, պատմության բեռից նույնպես: Չես փախչի նաև պատմության բեռին տրված պատասխանատվությունից, որը սպասում են քեզանից:
ՀՅԴ-ն կոալիցա է կազմում, բանակցությունները, իսկ ավելի ճիշտ նախարարական պորտֆելների «բազարը» ընթանում է: Հայաստանյան հասարակությունը, այո´, այո´, ամբողջ հայ հասարակությունն անտարբեր չէ այս փաստի հանդեպ: Անտարբեր չէ վատ իմաստով՝ բոլորը հայհոյում են՝ ծախված են, շահամոլ, քծնող և այլն, ու դա այդպես պետք է լիներ, քանի որ Դաշնակցության նկատմամբ կա 125 տարվա սեր, 95 տարվա ատելություն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կոկտեյլ է:
Թվում է՝ տարօրինակ բան չկա՝ փոքրիկ մի կուսակցություն, որը հազիվհազ հաղթահարեց ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը, կներեք, ԱԺ կեղծված ընտրությունների, ի դեպ, կեղծվածը հիշեցում է միայն, առանց կեղծելու էլ Դաշնակցությունը հազիվհազ էր հաղթահարելու շեմը, ստանում է կոալիցիա կազմելու առաջարկ և ընդունում է այն: Ախր դա այնքան նորմալ է կամ այնքան նորմալ կլիներ, եթե…
Այս եթե-ից ամեն ինչ սկսվում է: Առաջին Հանրապետություն, խոստովանենք ՀՅԴ-ի մինչ օրս ունեցած միակ պատմական լուրջ ձեռքբերումը: Խորհրդային Միության գոյության 70 տարիների հալածանք և այդ հալածանքով նաև պայմանավորված անկախության խորհրդանիշ կուսակցություն, իր անվանման մեջ հեղափոխական բառը ունեցող քաղաքական ուժ, 125-ամյա պատմություն, արդեն անկախ Հայաստանում 1994 թվականին քաղաքական հալածանքների ենթարկված ու արգելված կուսակցություն և այս ամենով հանդերձ արդեն երրորդ անգամ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հետ: Եվ, այս ամենով հանդերձ, զարմանալ, թե ինչու են հայհոյում, անհասկանալի է:
Հավասարապես անհասկանալի են նաև հայհոյողները: Թողնենք մի պահ զգայական վերաբերմունքը և դատենք սառը:
Հայաստանի անկախության մեկուկես տասնամյակում Դաշնակցությունն այդպես էլ որևէ լուրջ հաջողության չհասավ ո´չ քաղաքական, ո´չ ընտրական և ո´չ էլ հասարակական գործընթացներում: Մինչ այս պահը Դաշնակցությունը երկու անգամ կոալիցիա կազմեց վարչակարգի հետ՝ ըստ էության նորմալ քաղաքական անցուդարձ շատ թե քիչ կայացած քաղաքական ուժի համար: Ի սկզբանե, Դաշնակցությունը որդեգրեց իրավիճակ փոխելու մասնակցային սկզբունքը և ըստ էության մինչ օրս փորձում է հետևել դրան: Շեշտենք՝ խոսքը վերաբերում է սկզբունքին և ոչ թե արդյունքներին, որոնք զրոյական էին:
Ներկայում էլ, քանի որ Դաշնակցությունը մտավ Սերժ Սարգսյանի Սահմանադրական փոփոխություններ կոչված խաղի մեջ և կամա թե ակամա լեգիտիմացրեց խայտառակ հանրաքվեի արդյունքները, բնականաբար, չի ցանկանում և երևի թե չի էլ կարող դուրս գալ խաղի կեսից, ուստի գնում է դեպի կոալիցիա: Գումարած սրան՝ Դաշնակցություն կոչվածը բավական բարդ երևույթ է, որտեղ գործում է Հրանտ Մարգարյանի կլանը, որը մանավանդ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի մահից հետո գերիշխող դիրք է ձեռք բերել կուսակցության ներսում, սակայն սա այլ քննարկման թեմա է:
Նման պայմաններում, թվում է, թե Դաշնակցության վարքագիծը չպետք է արժանանար այն բուռն արձագանքին, որին հանդիպում ենք սոցցանցերում և լրատվամիջոցներում, սակայն այդ արձագանքը կա և դրա պատճառը հանրային ընկալումն է:
Խորհրդային կայսրության 70 տարիների ընթացքում շարունակաբար Դաշնակցության նկատմամբ սերմանված ատելությունը չէր կարող հենց այնպես անհետ կորչել: Ատելության այդ քարոզը, բնականաբար, նստած է շատերի ենթագիտակցության մեջ և բարենպաստ պայմաններում դուրս է հորդում: Սրան գումարվում է նաև տրամաբանորեն հակառակ քաղաքական հիասթափությունը, քանի որ նույն այդ 70 տարիների ընթացքում այսպես կոչված ազգային-հայրենասիրական շրջանակներում Դաշնակցությունը եղել է խորհրդանիշ և իդեալ և ներկա պայմաններում կուսակցության շեղումը իրեն վերագրված իդեալականությունից բերում է խորը հիասթափության և հայհոյանքի:
Նման իրավիճակում ընդամենը մնում է ասել, որ պարզապես պետք է անտարբեր կամ գոնե այնպիսի վերաբերմունք դրսևորել ՀՅԴ հանդեպ, ինչպիսին պետք է լիներ ցանկացած այլ՝ 5-6 տոկոս հանրային աջակցություն ունեցող կուսակցության պարագայում:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան