Առեղծվածային Մերիլին Մոնրոյի՝ մինչ այժմ չհրապարակված լուսանկարները (ֆոտոշարք)
LifestyleՆորմա Ջին Մորտենսոնը ծնվել է 1926թ. հունիսի 1-ին Լոս Անջելեսում: Որպես դերասանուհի՝ իր առաջին աշխատանքային պայմանագիրը կնքել է 1946թ. ամերիկյան 20th Century Fox ընկերության հետ և անվանափոխվել է՝ վերցնելով Մերիլին Մոնրո դերասանական կեղծանունը: Հետագա տարիների ընթացքում նա աշխարհին հայտնի դարձավ հենց այդ անվամբ, իսկ իր իսկական անունը մնաց պատմության էջերում:
Առեղծվածային Մերիլին Մոնրոյի լուսանկարները շատ են հրապարակվել, բայց դրանք այնքան շատ են ու բազմազան, որ այն հնարավոր չէ մեկ կամ մի քանի հրապարակումներով ամբողջությամբ ներկայացնել: Այս անգամ նրա լուսանկարները ներկայացվել են Լոնդոնի Little Black պատկերասրահում, որտեղ կարելի է տեսնել Մերիլին Մոնրոյի մինչ այժմ չհրապարակված, ինչպես նաև շատ քիչ հրապարակված, անվանի լուսանկարիչներ Միլթոն Գրինի և Դուգլաս Քիրքլանդի լուսանկաները, որոնք էլ Ձեր ուշադրությանն է ներկայացնում Orer.am-ը:

Լուսանկարն արվել է 1954թ. Միլթոն Գրինի կողմից: Հեղինակն այն անվանել է «Իր մուտքին սպասող բալետի պարուհին»

Լուսանկարն անվանվել է «Ջենթլմենները գերադասում են շիկահերներին» , որը կրում է 1953թ. Մերիլին Մոնրոյի մասնակցությամբ նկարահանված համանուն ֆիլմի անունը:

1956թ. Մերիլինը և Գրինը հիմնել են «Մերիլին Մոնրո Փրոդաքշըն» պրոդյուսերական ընկերությունը և նկարահանել «Ավտոբուսի կանգառը» և «Արքայազնը և պարուհին» ֆիլմերը: Լուսանկարն արվել է այդ նկարահանումներից մեկի ժամանակ:

Մերիլին Մոնրոն և Միլթոն Գրինն առաջին անգամ հանդիպել են 1953թ. Look ամսագրի համար լուսանկարներ անելիս: Այս լուսանկարն այդ շարքից է:

Գրինը շատ հայտնի մարդկանց ու աստղերի է լուսանկարել, սակայն նա մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ սկսեց լուսանկարել Մոնրոյին:

Լուսանկարիչ Դուգլաս Քիրքլանդը Մոնրոյի այս լուսանկարների շարքն անվանել է «Երեկոն Մերիլին Մոնրոյի հետ»: Տարիներ հետո նա ասել է, որ այդ շարքը նկարելիս իր մոտ այնպիսի զգացողություն է եղել, որ կարծես ինքը և Մերիլինը միասին կախարդական պար են պարում:

Սա Մերիլին Մոնրոյի վերջին ֆոտոսեսիաներից մեկի ժամանակ արված լուսանկար է, որը Դուգլասը ֆիքսել է 1961թ.: Սա այն բացառիկ շարքից է, երբ Մերիլինը լուսանկարվել է մերկ՝ ատլասե կտորով պարուրված:
Ա.Գ.