Դեկտեմբեր ամսվա մեր գազի վճարը մոտ 30-40 տոկոսով ավելի է եկել. Պետրոս Մակեյան
SocietyՇարունակելով լուսաբանել բողոքի մեծ ալիք բարձրացրած դեկտեմբեր ամսվա գազի վճարների թեման՝ Orer.am-ը այժմ նաեւ քաղաքական գործիչներից է ճշտում, թե արդյոք համապատասխանում են նշված ամսվա գազի ծախսն ու վճարի չափը: Ինչպես զրույցի ժամանակ նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, դեկտեմբեր ամսվա գազի վճարը մոտ 30-40 տոկոսով ավելի է եկել:
«Թեպետ ես փաստեր չունեմ այն մասին, որ մարդկանց վրա ավել գումար են գրել, բայց կարող եմ ասել, որ այս ռեժիմի օրոք ամեն ինչ էլ հնարավոր է: Իմ գազի վճարի վերաբերյալ կասկածները ձեզ որպես վառ օրինակ»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ անցում կատարելով ոչ պակաս կարեւոր մի հարցի՝ գազի սակագնին. «Աշխարհում չկա որեւէ մի երկիր, որը գազը ստանում է X գումարով, իսկ հանրությանը վաճառում է երկու X ու ավելին: Տրանզիտի ծախսերը սովորաբար կազմում են 20%, իսկ մեզ մոտ 100%-ից ավելի է: Այս ամենը ցույց է տալիս գործող իշխանության իրական դեմքը, որ հանրության համար պետք է ոչ թե ինչ-որ բան անել, այլ պոկել մարդկանցից հնարավորինս շատ: Դրա համար բնակչության կեսից ավելին այսօր աղքատության շեմին է»:
Որպես խնդրի լուծում՝ ընդդիմադիր գործիչը տեսնում է փողոց դուրս գալու եւ հանրահավաքներ կազմակերպելու տարբերակը, որը, ըստ նրա, անխուսափելի գործընթաց է:
«Կարծում եմ, որ քանի իշխանությունների համար փողի առկայությունը հավասար է Աստծո գոյությանը, նրանք շարունակելու են նույն կերպ: Այս եւ այլ մի շարք խնդիրները լոծելու մեկ ձեւ կա, այն է՝ փողոց դուրս գալը: Քանի մարդիկ փողոց դուրս չեն եկել ու հարցեր չեն լուծել, ապա իրենց հարցերը լուծելու է գործող ռեժիմը: Պետք է պայքարել, այլընտրանք չկա, ու ասեմ ձեզ՝ դա լինելու է»,-ասաց Պետրոս Մակեյանը: