Ու նորից այդ «չարաբաստիկ» շենքի մասին ...
AnalysisՈւ նորից պետք է խոսեմ Արամի փողոցի «չարաբաստիկ» շենքի մասին: Նորից, որովհետև կրքերը դրա շուրջ դեռ չեն հանդարտվում, բացի այդ, այս 2 օրվա մեջ հասցրեցի որոշակի տեղեկություններ ճշտել քանդված շենքի մասին: Պարզվում է, որ այդ շենքը դեռևս նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք է ճանաչվել որպես գերակա հանրային շահ և վաճառվել: Վերջ: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում. կարելի է ասել՝ դեռ Քոչարյանն է այդ շենքը, տարածքը վաճառել և այն վաղուց արդեն սեփականատեր կամ սեփականատերեր ուներ:
Ես ամենևին ցանկություն չունեմ Տարոն Մարգարյանին փաստաբանություն անելու, այլ դեպքերում ինքս բավական հաճախ քննադատում եմ տարբեր առիթներով, բայց քննադատում եմ արածի համար, այլ ոչ թե չարածի, և ճշմարտությունն էլ մնում է ճշմարտություն: Իսկ ճշմարտությունն այն է, որ Տարոն Մարգարյանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող, իրավասու չէր չթողնել, որ այդ շենքը սեփականատերը քանդի: Շենքը տեր ունի, տերն է քանդել, որովհետև դա իր սեփականությունն է և ինքը այդպես էր որոշել:
Պատկերացրեք՝ դուք ունեք առանձնատուն, որը ձեր սեփականությունն է: Դա ձերն է, դուք կարող եք նրա վրա մի հարկ ավելացնել, վերանորոգել կամ ընդհանրապես քանդել և տեղը ուրիշ բան կառուցել կամ էլ չկառուցել, քանդել հաճույքի համար: Եվ եթե դուք ձեզ պատկանող տարածքում դա որոշեցիք անել, ապա ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլ նույնիսկ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանն էլ իրավասու չեն լինի ձեզ խանգարել:
Հիմա այդ շենքի, տարածքի տերը այդպես է որոշել և քանդել է: Քանդողը սեփականատերն է, այլ ոչ թե Տարոն Մարգարյանը: Հիմա, հասկանում եմ, կհարցնեք՝ բա ինչու նա սեփականատեր դարձավ այդ «պատմական» շենքին, ո՞վ համարձակվեց վաճառել նրան այդ շենքը: Այդ հարցին էլ արդեն պատասխանել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը: Ահա, թե որտեղից է փչում քամին:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան